Քաղաքապետարանը առաջին իսկ օրվանից քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակները փոխելու ծրագիր է մշակում։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ։

«Այս հարցում մեզ հետ պետք է լինեն նաեւ բնակիչները։ Նախ պետք է գույքագրել, թե ինչ խնդիր ունենք, բանակցում ենք արտադրողների հետ, քանի որ պետք է գնման պրոցեսը լավ հաշվարկենք։ Այդ ծրագիրը տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է պահանջում»,–ասաց նա՝ նշելով, որ երբ ծրագիրը պատրաստ կլինի, այն կներկայացնեն կառավարությանը, քանի որ ըստ Մարությանի՝ քաղաքային իշխանություններն ի զորու չեն միայնակ լուծելու այս խնդիրը։

«Վերելակները պատկանում են բնակիչներին. մեր խնդիրն այն է, որ մենք վերելակը փոխարինենք, եւ բնակիչները տարիների  ընթացքում այդ վերելակի գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն, թող վերելակների խնդիրը լուծեն, Մարությանը պատասխանեց.

«Բյուջեով պլանավորված ոչ մի լումա չի գնում աշխատավարձերի բարձրացմանը։ Տարիներ շարունակ ասում ենք, որ մեր պետական սեկտորի աշխատողները քիչ են  աշխատավարձ ստանում։ Մենք 20 տոկոսով բարձրացրել ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։ 10 տարի նման բան չի եղել, հիմա ի՞նչ, սա պետք է քննադատե՞ն, թե՞ ողջունեն»։