Կառավարության այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին նախագիծը:
«Փաթեթը մշակվել է Դատախազության ու Քննչական կոմիտեի հետ համատեղ ու միտված է հիմնականում անտառների ոլորտում ապօրինի անտառհատումների նվազեցմանն ու իրավախատումների հետեւանքով պատիժների խստացմանը», - ասաց նախարարը՝ հավելելով, որ ծառահատումների դեպքերը այդ ոլորտում խախտումների ավելի քան 50 տոկոսն են կազմում:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես եկավ առաջարկով. «Եկեք առհասարակ որսը երեք համ կինգ տարի արգելենք Հայաստանում: Ես, լինելով նախկինում շատ ակտիվ որսորդ, արդեն մոտ յոթ տարի է՝ չեմ գնացել որսի ու միշտ խոսում եմ դրա մասին: Եկեք արգելենք առհասարակ որսը», - ասաց Արթուր Վանեցյանը՝ առաջարկելով այդ համատեքստում ժամանկավորապես արգելել նաեւ որսորդական փամփուշտների ներմուծումը:
«Գնում են ու անկանոն որս են անում, հատկապես գյուղական վայրերում ու դա վերահսկելը շատ դժվար է», - ասաց ԱԱԾ տնօրենը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ դրա նման ինչ-որ մի բան պետք է անել. «Ինչու եմ ասում դրա նման, որովհետեւ գաղափարը շատ լավ, շատ ճիշտ գաղափար է, ուղղակի էլի եմ ասում, մենք պետք է շատ լուրջ ուսումնասիրենք: Հիմա եթե ձեր առաջարկն ի գիտություն ընդունենք, պետք է խնդիրը բազկամողմանի նայել: Մենք ունենք բացառիկ հարստություն, բայց դրա մի մասը գտնվում է ոչնչացման եզրին», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հասկանում է Վանեցյանի մտահոգությունը, որովհետեւ, երբ մարդը դուրս է գալիս որսի, ինչ դեմը դուրս է գալիս, խփում է:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ որսի առումով մշակութաբանական խնդիր էլ կա. «Ամեն շարժվող բանի վրա կրակելու կուլտուրան գոյություն ունի: Ես դա գիտեմ իմ ծննդավայրում տրամաբանության եւ մտածողության առումով: Փառք Աստծո, ոչ մի կենդանու վրա չեմ կրակել, ոչ մի շարժվող բանի վրա չեմ կրակել: Մարդու վերաբերմունքից կենդանու նկատմամբ կարելի է հետեւություններ անել, թե մարդը ինչպես է վերաբերվում մարդուն: Շատերն ասում են՝ դե, կատու է, էլի: Իրականում այդպես չի: Չնայած ասեմ, որ օրինական որսը դատապարտելի չեմ համարում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:











