«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես չի գալիս Հայաստանում «սուպերվարչապետության» համակարգի պահպանման օգտին։ Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի տեղի ունեցած նոր քաղաքապետի ընտրությունները «դասական» չէին, այլ ուղղված էին «թավշյա հեղափոխության» աջակցությանը, ինչի մասին քանիցս իր ելույթներում ասել է ինքը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այդ թվում եւ նախընտրական արշավի ժամանակ։ Ընդ որում՝ Գորգիսյանը նշել է, որ այդ պատճառով Երեւանի նոր քաղաքապետի բոլոր սխալների եւ անհաջողությունների համար պատասխանատու է անմիջապես ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ քաղաքացիներն, ըստ էության, իրենց ձայնը տվել են նրան, ոչ թե Հայկ Մարությանին։
Անդրադառնալով քաղաքապետի՝ քաղաքապետարանի աշխատակիցների, այդ թվում եւ իր աշխատավարձը բարձրացնելու մտադրություններին՝ Գորգիսյանն ասել է. «Այո, պետծառայողները պետք է բարձր աշխատավարձ ստանան, եւ մեզ անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ։ Բայց չի կարող քաղաքապետի աշխատավարձը լինել խորհրդարանի նախագահի աշխատավարձից բարձր, չի կարող այն հավասար լինել վարչապետի աշխատավարձին, չեն կարող վարչական շրջանների ղեկավարները խորհրդարանի նախագահի աշխատավարձին հավասար աշխատավարձ ստանալ։ Եվ նրանք դա չեն ստանա, որովհետեւ մեր խմբակցությունը Ավագանիում, որտեղ երեք մարդ ունի, կարողացավ այդ հարցը բարձրացնել եւ հանել այն մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի օրակարգից»,- ընդգծել է պատգամավորը։
Սակայն Գեւորգ Գորգիսյանն այսքանով չսահմանափակվեց։ Նա կոշտ քննադատության ենթարկեց Հայկ Մարությանի անգործությունը՝ հիշեցնելով, որ վերջինը խոստացել էր լուծել հանրային տրանսպորտի խնդիրները, բարեփոխումներ իրականացնել, լուծել աղբահանման եւ դրա վերացման, ինչպես նաեւ վերելակների հարցերը։ «Սակայն նա իր խոստումներն այդպես էլ չկատարեց։ Ոչինչ չի փոխվել։ Ամեն ինչ մնացել է նախկինի պես... Ամռանը աղբահանության խնդիրն, ամենայն հավանականությամբ, անգամ կխորանա։ Իսկ ինչ վերաբերում է վերելակներին, ապա մեր քաղաքապետը վերջերս տված հարցազրույցում ասել էր, որ այդ հարցը իրենք կլուծեն ի հաշիվ մեր քաղաքացիների»,- զայրացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը։
Նշենք, որ Գորգիսյանի այս հայտարարությունը որոշ տարակուսանք է առաջացրել «Իմ քայլը» կառավարող խմբակցության պատգամավորների շրջանում, որոնք, ամենայն հավանականությամբ, չգիտեին քաղաքապետի այս սկանդալային հայտարարության մասին, որն այսօր վերելակներն անվանել է բազմահարկերի բնակիչների սեփականությունը։











