Ամեն անգամ նախորդ իշխանության ներկայացուցիչների ելույթները այս դահլիճում լսելով՝ համոզվում եմ, որ թավիշը գործող իշխանության ներսում չափից շատ է: Այսօր՝ մայիսի 10-ին ԱԺ-ում Դատախազության 2018թ.-ի գործունեության քննարկման եւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ պատգամավորների հարցուպատասխանի ավարտին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանն ասաց՝ չգիտի, թե ինչ արժանիքների համար է նախկին իշխանության կողմից Արթուր Դավթյանն առաջադրվել գլխավոր դատախազի պաշտոնում. «Միևնույն է, համոզված եմ, որ եթե մարդն իր որակներով չի կարող համապատասխանել ռեժիմի ընդունած կանոններին, ապա կարող էր ուղղակի դուրս դրվել համակարգից, և առաջխաղացման հնարավորություն չունենար»:
Գլխավոր դատախազի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ելույթի մասին Բաբաջանյանն ասաց, որ մի քանի փաստեր է իմի բերել՝ գլխավոր դատախազի կոռպուցիոն դրսևորումներին առնչվող:
«Ձեր օրը փչացնեմ։ Արդյոք կոռուպցիա չէ այն փաստը, որ Գլխավոր դատախազության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակել եք ձեր զարմիկին՝ Սարգիս Թարխանյանին: 2017 թվականին Լոռու մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկին՝ Արսեն Մարտիրոսյանին: 2016 թվականին Շիրակի մարզի դատախազ եք նշանակել Ձեր սանիկին՝ Կարեն Գաբրիելյանին: Ձեր մտերիմին՝ Սևակ Հովհաննիսյանին, ով Էրեբունու դատախազությունում էր աշխատում, տեղափոխել եք գլխավոր դատախազություն, և ընդամենը 2 տարվա աշխատանքային փորձով՝ նշանակել եք Արարատի մարզի դատախազ»,- ասաց պատգամավորը։
Նա նաեւ նշեց, որ Արթուր Դավթյանը, դառնալով Հայաստանի գլխավոր դատախազ, անմիջապես որոշել է փոխել դատախազական համազգեստը, և պետությունից դրա համար պահանջել՝ 58 միլիոն դրամ:
Այնուհետև՝ գալով ՀՀ գլխավոր դատախազություն՝ որոշել է դատախազության վերևի հարկի վրա նոր հարկ կառուցել: Հարկը պետության վրա արժեցել է 160 միլիոն դրամ. «Հետո այդ հարկ եք տեղափոխել ձեր առանձնասենյակը, և այսօր համեստ գրասենյակ զբաղեցնելու փոխարեն 100 քառակուսի մետր տարածք եք զբաղեցնում այդ հարկում: Պետության միջոցներից ծախսելով 14 միլիոն դրամ՝ վերելակ եք կառուցել, որը ուղիղ գնում է ձեր առանձնասենյակ, և այդ նպատակով այդ հարկի ամբողջ առաստաղները այնքան եք բարձրացրել, որ հարմարեցնենք այդ պայմաններին: Եվ այդ աշխատանքները ևս կազմակերպելու համար դիմել եք կառավարությանը, հավելյալ միջոցներ եք պահանջել մեր հարկատուների հաշվին: Դուք այստեղ Վահագն Հարությունյանի վերաբերյալ իմ հարցին՝ չհերքեցիք, որ նա Ձեր մտերիմն է: Շատ լավ է, որ նա ձեր մտերիմն է, իսկ ինչու ձեր մտերիմին չեք հրավիրում Ռուսաստանից Հայաստան գալ, և օգնել մարտի 1-ի գործով այն խայտառակ ապացույցերը բացահայտելուն, որոնք մեղսագրվել են Վահագն Հարությունյանին: Ասեմ, որ ոչ միայն Վահագն Հարությունյանն է ձեր մտերիմը, այս գործով ձեզ աջակցել է նաև վերաքննիչ քրեական գործերով դատարանի նախագահ՝ ձեր մյուս ընկեր՝ Ռշտունին, և Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գեորգի Կուտոյանը, ում միջնորդությամբ ձեր առաջխաղացումը ապահովել եք»,- ասաց Բաբաջանյանը:
Այնուհետև Բաբաջանյանը ամբիոնից ցույց տվեց Գլխավոր դատախազի առանձնատան նկարը, որն ըստ պատգամավորի՝ կառուցվել է 2 տարում, և արժե կես միլիոն դոլար. «Երբ դուք Ձեր ուսումնառությունը ավարտում էիք 2000 թվականին, Հոռոմ գյուղում ունեիք մի հատ հողատարածք, և մի հատ էլ շատ համեստ տուն»,- ասաց նա։
Պատգամավորը խորհուրդ տվեց «Իմ քայլը» խմբակցության գործընկերներին՝ նորմ սահմանել և այդպիսի պաշտոնյաների ելույթներին չծափահարել. «Դուք շատ լավ հասկանում եք՝ ինչի և ում հետ գործ ունենք, և բոլորդ պետք է չափազանց աչալուրջ լինեք այս մասով: Ես կողմ եմ ներառականությանը, չեմ ուզում, որ մենք, ընդհանրապես, այդ պրիզմայով տեսնենք նախկիններ, ներկաներ, և շատ կուզեմ, որպեսզի նախկին իշխանության պրոֆեսիոնալները տեղ ուենան մեզանում: Այս իմաստով մենք հասկանում ենք, որ այդպիսի որակներ չունի Արթուր Դավթյանը, և նրան չի օգնի նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նրա վերջին շրջանի մտերմությունը»,- եզրափակեց Արման Բաբաջանյանը:











