Դաշնակցություն– Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց օրակարգում մենք չունենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին Սարդարապատում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Դաշնակցությունը պատրաստվու՞մ է արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ նոր քաղաքական ուժ ձևավորել։
«Ոչ, Դաշնակցություն–Ռոբերտ Քոչարյան համագործակցության հարց օրակարգում մենք չունենք»,–ասաց նա։
Դիտարկմանը, այդ պարագայում ինչու՞ էին Դաշնակցության հանրահավաքին մասնակցում Քոչարյանի աջակիցները, Խաչատրյանը պատասխանեց.
«Դուք էլ կարող էիք գալ՝ մասնակցել, դա բաց էր, և մենք ի տարբերություն շատ այլոց, ոհմակի նման չենք հարձակվում և Օպերայի հրապարակից ոչ մեկին չենք քշում»։
Հիշեցնենք, որ մայիսի 23–ին Հայ հեղափոխական դաշնակցությունը հանրահավաք էր անցկացրել Երևանի Ազատության հրապարակում՝ կոչ անելով իշխանություններին լրջանալ։











