Կառավարության այսօրվա` մայիսի 30-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց համագործակցել լրատվամիջոցների հետ:
«Պետք չէ զլանալ, որ տեղի ունեցած դրական փոփոխությունները, համագործակցելով լրատվամիջոցների հետ, ներկայացնել հանրությանը, որովհետև ձեզ հայտնի շրջանակներից բխող աղմուկ-աղաղակի տակ մենք բազմաթիվ որոշումեր ենք կայացրել ու դեռ բազմաթիվ որոշումներ ենք կայացնելու», - ասաց վարչապետը։
Նա ընդգծեց՝ խնդիր է առաջադրում, որ կատարված աշխատանքները լայսնամասշտաբ, պատշաճ ծավալներով լուսաբանվի։
«Ավելորդ համեստության կարիք բացարձակապես չկա, ոչ միայն պարծենալու առումով, պարծենալու խնդիր դրված չէ, այլ որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն։ Դա շատ կարեւոր է, որովհետև շատ դեպքերում ինչ-որ տեղում ինչ-որ կոռուպցիոն դրսևորումներ են ի հայտ գալիս ու պատճառներից մեկն այն է, որ քաղաքացիները երբեմն տեղյակ չեն լինում, որ, օրինակ, այդ դեղամիջոցը պետությունն իրենց հատկացրել է անվճար», - նշեց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց, որ այստեղ շատ մեխանիզմներ են աշխատում, որոնք ոչ միայն ստվերում են կառավարության աշխատանքը, այլեւ մարդկանց զրկում են իրենց հնարավորություններն ու իրավունքները իմանալու հնարավորությունից:











