Երբ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխում էին քրեակատարողական հիմնարկ, առաջին պահից սկսած նա եղել է մեր ուշադրության ներքո։ Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Մեր աշխատակիցները պարբերաբար իրականացրել են այցեր, անընդհատ սկզբունքով կապի մեջ ենք եղել փաստաբանի հետ։ Այս գիշեր Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն՝ պայմանավորված առողջական վիճակով, պարոն Գրիգորյանը այժմ հրաժարվում է  բուժօգնությունից, հրաժարվում է դեղամիջոցներ ընդունել։ Ես արդարադատության նախարարին ուղղված նամակով հարցեր եմ առաջադրել՝ արդյոք ՔԿՀ–ի պայմաններում կա՞ն հնարավորություններ Մանվել Գրիգորյանին ցուցաբերելու անհրաժեշտ բուժօգնությունը, եթե կան, որոնք են դրանք,  եթե չկան, քննարկել պատշաճ բուժօգնության հարցը, Մանվել Գրիգորյանին զննել է նաեւ իր նախընտրած բժիշկը, նրա եզրակացության հետ կապված նույնպես հարցեր ենք առաջադրել»,–նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Հիշեցնենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել են «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետեւ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։  Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» են տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։