ՀՔԾ–ն սկզբունք ունի՝ չհայտնել, թե «Մարտի մեկի» գործով ով է հարցաքննվել,  ի՞նչ հարցերի շուրջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք «Մարտի մեկի» գործի շրջանակներում հարցաքննվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Բոլորն,  ովքեր այս կամ այն կերպ առնչվել են այս դեպքերին՝ հարցաքննվելու են, սակայն մենք սկզբունքորեն դրա վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,–ասաց նա։

Սասուն Խաչատրյանը չցանկացավ մեկնաբանել «Մարտի մեկի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամ  Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը,  որ բավարար ապացույցներ կան այն մասով, որ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը 2008թ. մարտյան իրադարձությունների ժամանակ սնունդով են ապահովել զինվորականներին, բավարար ապացույցներ կա՞ն ։

«Եկեք պայմանավորվենք այսպես. քրեական գործը չորս մեղադրյալների մասով արդեն գտնվում է դատարանի վարույթում, այդ գործով ՀՔԾ–ն այս պահին գործառույթ չունի և ես հիմա կոռեկտ չեմ համարում մտնել այդ դաշտ, որը դատախազի, պաշտպանի, տուժողների և դատարանի դաշտն է, այսինքն դատավարության մասնակիցները նրանք են»,–ասաց նա։