Հունիսի 29-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների ղեկավարներ եւ հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։

Մինչ խորհրդակցությանն անցնելը ողջունելով ներկաներին` Վալերի Օսիպյանը շնորհավորեց ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերու համար պարգեւատրման ներկայացած ոստիկաններին, որից հետո տարբեր ստորաբաժանումների շուրջ երկու տասնյակ ծառայողներ արժանացան դրամական պարգեւների:

Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգեւատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

«Բոլոր այն ոստիկանները, որոնք աչքի կընկնեն պրոֆեսիոնալիզմով եւ հանցագործություններ կբացահայտեն, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգեւատրվեն լրացուցիչ գումարներով: Ավելին, կարծում եմ, որ ժամանակն է մեթոդներ եւ մեխանիզմներ մշակել, որպեսզի պարգատրվեն ոչ միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանները, այլեւ նրանք, ովքեր թեկուզ եւ մեկ անձնական ունեցվածքի գողություն կբացահայտեն»,-ընդգծեց ոստիկանության պետը` հավելելով, որ նման իրավիճակում, այսուհետ, առավել անընդունելի եւ անհանդուրժելի է լինելու ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհով գումար ձեռք բերելու ցանկացած դրսեւորում։

Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգեւատրվողներին եւ մաղթելով բարի ծառայություն` ոստիկանության պետը շարունակեց խուհրդակցությունը:

Վալերի Օսիպյանն անդրադարձավ ուժեղացված ծառայություններին եւ շնորհակալություն հայտնեց սրտացավ աշխատանքի համար: «Քաղքացիներից այսօր մենք դրական արձագանք ենք ստանում, ինչը ողջունելի է եւ պետք է շարունակական կերպով ամեն ինչ անել ոստիկանության հեղինակությունը հետեւողականորեն բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց ոստիկանության պետը:

Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերի Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին:

Մարզային վարչության պետերին եւ Ճանապարհային ոստիկանության պետին ցուցում տվեց, հատակապես ամռանը, հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում եւ մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապահներին ուժեղացնել ծառայությունը:

Ամփոփիչ խոսքում ոստիկանության պետն անդրադարձավ նաեւ ապօրինի որսի, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին՝ կարեւորելով ոստիկանության սերտ համագործակցությունը համպատասխան գերատեսչությունների, բնապահպանական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների հետ:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ եւ հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: