Գիշերը Երեւանում օրենքով գող է սպանվել՝  հանցավոր աշխարհում «Անդո Խրոմոյ» կամ «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի 46–ամյա Անդրանիկ Հարությունյանը։ Նրա դիակը գտել են Նոր–Նորքի 5–րդ զանգվածի շենքերի մեկ բակում՝ 4 հրազենային վնասվածքով, որոնցից մեկը՝ դեմքին։ Ավելի ուշ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է սպանության պահը ։ Կադրերից դատելով՝ Անդիկը 3 անձանց հետ բակի տաղավարում նստած սեղանի խաղ են խաղում, երբ մոտենում է հրազենով զինված տղամարդը եւ կրակում Անդիկի ուղղությամբ։ Մի կրակոցով նրան սպանել չի հաջողվու, Անդիկը նախ թաքնվում է սեղանի տակ, ապա փորձում փախուստի դիմել, որի ժամանակ էլ սպանվում է մոտ տարածությունից արձակված կրակոցից։ Դեպքի վայրում իրավապահները բացի պարկուճներից եւ փամփուշտից գտել են սպորտային պայուսակ, որը նախնական տվյալով, պատկանել է հանցագործությունը կատարած անձին։ Անդրանիկ Հարությունյանը հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում՝ ապօրինի թմրանյութ պահելու համար ։ Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, հանցագործը դեռ չի հայտնաբերվել։

Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Վիետնամ։ Վարչապետն այնտեղ կմնա 3 օր, որի ընթացքում հանդիպումներ կունենա Վիետնամի վարչապետի եւ խորհրդարանի նախագահի հետ։ Հուլիսի 7–ին Փաշինյանը կմեկնի Սինգապուր, որտեղ նույնպես նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն ղեկավարության հետ։ Սինգապուրում վարչապետը հանդիպում կունենա տեղի եւ հարեւան երկրների հայ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ուղեւորության ամբողջ ընթացքում Փաշինյանին կուղեկցի նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հուլիսի 9–ին։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշել է կոչումներ եւ աստիճաններ շնորհել ուժային կառույցների մոտ մեկ տասնյակ ղեկավարներին։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսուհետեւ գեներալներ են։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ Քննչական Ծառայության պետ Սասուն Խաչատրյանը եւ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականներ։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ նշելով, որ ինքը որոշել է վերոնշյալ անձանց կոչումներ շնորհել։ Սա տարակուսանք է առաջացրել օգտատերերի շրջանում։ Խնդիրն այն է, որ Սահմանադրության 133–րդ հոդվածի համաձայն Հայաստանում զիվորական բարձրագույն կոչումներ շնորհում է հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ։ Նիկոլ Փաշինյանը կոչումների մասին խոսում է այնպես՝ ասես դրանք արդեն շնորհված են, մինչ դեռ նախագահի համապատասխան հրամանագրերը դեռևս չկան։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հնարավոր է՝ եւս մեկ դիմում ներկայացնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Պատճառը Վերաքննիչ դատարանի վերջին գործողություններն են, երբ դատավոր Արմեն Դանիելյանը ,չլսելով պաշտպանական կողմի առարկությունները, հեռացավ խորհրդակցական սենյակ եւ կայացրեց Ռոբերտ Քոչարյանին եւս մեկ անգամ կալանավորելու որոշում։  

Սեւանա լիճը կրկին ծաղկել է։ Բնապահպաններն ահազանգում են՝ սա նշանակում է, որ լիճը գնում է ճահճացման, և եթե այս պրոցեսը խորանա, լճի  ջուրն այլեւս հնարավոր չի լինի օգտագործել ոռոգման նպատակով։ Բնապահպանների կարծիքով՝ պատճառն անփույթ վերաբերմունքն է. հարակից բնակավայրերի կեղտաջրերը լցվում են լիճ, մաքրման կայանները բավարար չեն, իսկ Բնապահպանության նախարարությունը բավարար չափով ուշադրություն չի դարձնում խնդրին։ 

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը բանավոր նկատողություն է ստացել։ Օրերս նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բանավիճելով քաղաքապետ Հայկ Մարությանի քննադատների հետ, անզսպություն էր դրսեւորել եւ գրել, մեջբերում եմ՝ «Ներեցեք, բայց խնչած ունեմ խցանման եւ մյուս պրոբլեմների վրա»։ Նշենք, որ խոսքը Երեւանում երթեւեկության առավելագույն արագությունը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ իջեցնելու Հայկ Մարությանի առաջարկությանն էր վերաբերում։ Այս գաղափարի քննադատները պնդում էին, որ դա էլ ավելի կծանրաբեռնի երթեւկությունը եւ կհանգեցնի նոր խցանումների։ 

Դուբայի շեյխի՝ փախուստի դիմած կնոջ գտնվելու վայրը հայտնի է։ Արքայադուստր Հայան թաքնվում է Լոնդոնում, եւ ինչպես հայտնում է BBC-ն, վախենում է իր կյանքի համար։ Նա բնակվում է 85 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ թաունհաուսում եւ պատրաստվում է ամուսնալուծության դատավարությանը։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հայան գտնվում էր Գերմանիայում։  Ասում են՝ 69–ամյա շեյխ Մոհամմեդ իբն ալ Մաքթումը կատաղած է, նա կնոջը մեղադրում է դավաճանության մեջ։ Հիշեցնենք, որ Հորդանանի 45–ամյա արքայադուստր Հայան շեյխի հետ ամուսնացել էր 2004 թվականին՝ դառնալով նրա 6–րդ կինը։ Ի դեպ, շեյխը տարբեր կանանցից 23 երեխա ունի։ Հայան փախել էր՝ իր հետ տանելով երկու զավակներին և մոտ 40 միլիոն եվրո։ 

Դոլարն ու եվրոն էժանացել են։ Հուլիսի 3–ին դոլարի փոխարժեքը կազմել է 477, եվրոյինը՝ 538, բրիտանական ֆունտինը՝ 599, ռուսական ռուբլունը՝ 7.51 դրամ։ 

Հանրապետությունում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։  Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34 աստիճան ջերմություն