Հայաստանի արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը երկրում վեթինգը ներդնելու անհրաժեշտություն չի տեսնում:
Լրագրողների հետ զրույցում նախկին նախարարը նշեց, որ գոյություն ունեցող գործիքակազմը թույլ է տալիս հայտնաբերել դատավորների ապօրինի ճանապարհով ստացած ունեցվածքը: Նախկին նախարարը հիշեցրեց, որ կարգավորումներն ուժի մեջ են մտել 2018 թվականին, եւ «չեմ կարծում, որ որեւէ մեկը կարող է առաջարկել ավելի գործուն մեխանիզմներ, ուղղակի պետք է դրանք կիրառել»:
Ի պատասխան հարցին՝ կարելի՞ է արդյոք դատարանների շրջափակումը գնահատել որպես սահմանադրական կարգի տապալում, Դավիթ Հարությունյանը նախընտրեց բանավեճի մեջ չմտնել՝ հաշվի առնելով հարցի իրավական նրբությունները: «Բայց միանշանակ է, որ այս քայլը քաղաքական իմաստով անթույլատրելի էր: Սա դատարանի վրա ճնշում էր: Հույս ունեմ, որ նման երեւույթները չեն կրկնվի: Այսպիսի յուրաքանչյուր երեւույթ անշրջելի հետք է թողնում: Նման քայլերի վտանգավորությունն այն է, որ կգտնվի մեկը, պարտադիր չէ Փաշինյանը, որը կարող է լինել հաջորդ իշխանությունը, ով կավելացնի: Եթե նշաձողը նվազեցնում եք, մշտապես հետագա նվազեցման հնարավորություն կա: Եթե որեւէ մոեկը մտահոգված է պետականության պահպանմամբ եւ ամրապնդմամբ, պետք է նման քայլերին դեմ լինի: Ցավոք, վարչապետի շրջապատում ոչ ոք նրան հետ չպահեց նման քայլից »,- նշեց Հարությունյանը:
Մեկնաբանելով այն հարցը, որ դատավորներին մեղադրում են «նախկինների զանգով» որոշումներ կայացնելու մեջ, Դավիթ Հարությունյանը նման պնդումները քաղաքական հնարք անվանեց, որ քողարկեն սխալ քայլերը, բանավեճն այլ ուղղությամբ տանեն: «Վստահ եմ, որ ոչ ոք դատավորներին չի զանգահարում: Այնպես որ, սա քննարկման թեմա չէ»,- նշեց նախկին նախարարը՝ հավելելով, որ եթե որեւէ մեկը կարծում է, որ վեթինգը տեղի է ունենալու կասկածանքով, կշարունակի վտանգավոր ճանապարհը, որի վրա մենք արդեն կանգնել ենք:
Ինչ վերաբերում է դատավարների վստահելիության մասին փաստաթղթի նախագծին, ապա Դավիթ Հարությունյանը համոզված է, որ դատավորներն ինքնուրույն են ընդունում վարքագծի սեփական նորմերը: «Փիլիսոփայել չհամարեք, բայց սա դասական մոտեցում է: Չեմ կարծում, որ սա պետք է օրենքով կարգավորվի»,- նշեց նախկին նախարարը:











