Արդեն մեկ տարի է` չի ձեւավորվում դատարան, որը կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը: Այս մասին այսօր` օգոստոսի 12-ին, ԲԴԽ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը:
«Խնդրում եւ հորդորում ենք Բարձրագույն դատական խորհրդի նախագահին իջնել մեզ մոտ, կփորձենք մեզ անհանգստացնող հարցերի ատասխանները լսել եւ հասկանալ,թե պատճառը որն է, որ ՀՀ իշխանությունները փորձում են մեր դատական համակարգի նկատմամբ կիրառել օրենքից դուրս մեթոդներ եւ գործիքակազմ, որպեսզի ճնշեն դատական համակարգին, քանի որ խորհորդը կոչված է ՀՀ-ում երաշխավորել դատական համակարգի բնականոն աշխատանքը: Պարոն Վարդազարյան, հրավիրում ենք ձեզ մեզ մոտ: Բացի այդ օրեր առաջ շրջանառության մեջ է դրվել մի օրենսդրական նախաձեռնություն, որը մեր համոզմամբ՝ կբերի դատական համակարգի աշխատանքի խաթարմանը, առանց այն էլ նախագահ Քոչարյանի գործով արդեն մեկ տարի է` տիրում է բեսպրեդել, չի ձեւավորվում դատարան, որը կքննի նախագահ Քոչարյանի կալանքի հարցը»,- ասաց Գագիկ Բաղդասարյանը:
Երկրորդ նախագահի աջակիցներին ԲԴԽ-ից տեղեկացրել են, որ նախագահը չի կարող իջնել ներքեւ, քանի որ այս պահին տեղի է ունենում խորհրդակցություն:
«Մեզ անորոշ պատասխան տվեցին, սակայն մենք ասեցինք, որ կսպասենք, թեկուզ այդ խորհրդակցությունը տեւի մինչեւ Նոր տարի: ՀՀ-ում դատական համակարգը պարալիզացված է, եւ այն իրավիճակը, որ տիրում է ՀՀ-ում աննորմալ է: Քոչարյանի գործի հետ կապված առայժմ խնդրում ենք համեցեք մեզ մոտ եւ տվեք մեր հարցերի պատասխանը»,- ասաց Գագիկ Բաղդասարյանը:
Նշենք, որ հուլիսի 16–ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր, նրան կալանքից ազատելու որոշում կայացրած Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, արդյունքում առգրավվել էր երեք համակարգիչ, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերող կրիչներ եւ փաստաթղթեր։
Պաշտոնապես Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը որեւէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ, սակայն երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, որ պատճառը հենց Քոչարյանի գործն է։
Հուլիսի 27–ին ԲԴԽ–ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ ԲԴԽ որոշմամբ՝ դատավորի լիազորությունները կասեցվել էին։ Դատավորի պաշտպանությունը ստանձնել են 100-ից ավելի փաստաբաններ:
Նշենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Նրա լիազորությունները կասեցնելուց հետո մինչեւ այժմ պաշտպանների բողոքը որեւէ այլ դատավորի չի մակագրվել:











