ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, որ վաղուց արդեն հայտնվել էր ԱԱԾ տեսադաշտում, այսօր ձերբակալվեց՝ ծանր հետևանքների առաջացմամբ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու կասկածանքով։ Նույն քրեական գործի շրջանակում ձերբակալվել է նաեւ նրա եղբորորոդին՝ Կարեն Խաչատրյանը։

Մինչ այս ձերբակալությունները Ազգային անվտանգության ծառայությունը վաղ առավոտից խուզարկություններ էր կատարել ՊԵԿ նախկին նախագահի առանձնատանը, ինչպես նաեւ նրան պատկանող բիզնես կենտրոններում։ Նշենք, որ քրեական գործով 800 միլիոն դրամ վերականգնվել է:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից Հայկ Ալումյանը ասուլիս էր հրավիրել՝ ինչպես ինքն ասաց՝ ցրելու մի քանի միֆեր, որոնց վրա կառուցված է դատարանում քննվող քրեական գործը։ Միֆերից մեկը, ըստ նրա, այն է, որ մեր Սահմանադրությունը, օրենսդրությունը թույլ չեն տալիս զինված ուժերը ներգրավել ներպետական հարցերում, օրինակ, զանգվածային անկարգությունները կանխելու համար։ Ալումյանը մատնացույց արեց Սահմանադրության այն հոդվածը, որի համաձայն՝ Զինված ուժերը պետք է ապահովեն նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հայկ Ալումյանը մեջբերումներ արեց նաեւ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքից՝ ցույց տալու, որ օրենսդրությունը եւս թույլատրում է բանակի ներգրավում։

Փաստաբանը հիշեցրեց նաեւ, որ առաջին անգամ հայկական բանակը մտել է Երևան Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք՝ ընդ որում ոչ մեկ անգամ։

ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ծառայության ղեկավարների հավաք է անցկացվել Երեւանում։ Նպատակը՝ ներկայացնել արտաքին քաղաքականության հինական շեշտադրումները։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չափազանց վշտացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից, որ ժառանգել է որպես վարչապետ, եւ առհասարակ դրա միջազգային ընկալումից: Նա ընդգծեց, որ  անհրաժեշտ է միջազգային ասպարեզում մշտապես թարմացնել, հիշեցնել, այսպես ասած՝ տեղեկատվության աբդեյթ անել՝ ցույց տալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրահատկությունը:

Արդարադատության նախարարությունը օգոստոսի 26–ին շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ։ Ըստ դրա՝ 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանում տեղի ունեցած խախտումները 1991-2018 թվականներին՝ անկախությունից մինչեւ մեր օրեր։ Փաստահավաք հանձնաժողովը փաստեր կհավաքի 1991-ի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների, հետընտրական քաղաքական հետապնդումների, պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների, ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ վերաբերյալ։ Նույն նախագծով առաջարկվում է ստեղծել նաեւ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ:

Լեւոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Պատճառների մասին նա այսօր խոսեց լրագրողների հետ։ Թիմում պառակտում է սկսվել մարզչի որդու եւ ըմբիշ Կարապետ Չալյանի մրցակցության պատճառով։ Հայր Ջուլֆալկյանը չի ցանկացել Չալյանին տանել Վարշավա՝ մրցաշարի, Չալյանը սակայն եւ նրա հետ ամբողջ թիմը ընդդիմացել են ու պայման դրել՝ կամ մարզիկին տանում է մրցումների, կամ իրենք բոյկոտում են մարզումները, մրցաշարերը:

Դոլար այսօր փոքր-ինչ էժանացել է, փոխարժեքն այսօր կազմել է 475 դրամ, եվրոն 528  դրամ է, բրիտանական ֆունտը՝ 583, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 17 դրամ։

Օգոստոսի 28-ին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին հնարավոր են անձրեւ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34: