Կառավարությունն այսօր որոշեց ավելի քան 1 ու 6 միլիարդ դրամ հատկացնել՝ սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոս բարձրացնելու համար։

Նախարար Հարությունյանը հայտարարեց, որ կրճատումների հաշվին չեն բարձրացնում աշխատավարձ, բայց կա հաստիքների ճիշտ կառավարման  խնդիր, մի հաստիքը հաճախ բաժին է հասնում մի քանի ուսուցչի եւ առանց այդ էլ ցածր աշխատավարձը մի քանի անգամ նվազում է։

Կառավարությունը որոշեց նաեւ 720 մլն դրամ հատկացնել Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին աջակցություն տրամադրելու նպատակով։

Իսկ կառավարության շենքի դիմաց ցույցերի օր էր․ այստեղ հավաքված էին տարբեր խնդիրներով մարդիկ, 6 երեխայի մայր, որի բերքը ջրի պակասից չորացել էր, սննկացած ընկերության հետ աշխատած գործարարներ, որոնք կրում են սննանկության վնասները։

Մի խումբ էլ բողոքում էր երեխաների քաղաք կառուցելու դեմ, սա նախագիծ է, որ հարմարեցված տարածք ու պայմաններ է առաջարկելու հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Այդ ուշադրությունը, սակայն, ըստ ցուցարարների, վտանգավոր է, քանի որ քաղաքի բնակիչ երեխաները կմեկուսանան հասարակությունից։

Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան հաստատված է, Ռուսաստանի ղեկավարը Երևանում կլինի հոկտեմբերի 1-ին՝ մասնակցելու ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Ընդ որում`  հանդիպման տեղը ընտրված է ԵՏՄ ղեկավարների կոնսենսուսով, հայտնեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Իսկ վարչապետ Փաշինյանը ԱՄՆ-ում ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի ժամանակ դժվար թե հանդիպի հյուրընկալող երկրի ղեկվարի՝ Թրամփի հետ։ Քանի որ պահը, ըստ Քոչարյանի, ամենապատեհը չէ։

Եվս մի շատ քննարկված թեմա։ Արդյոք Հայաստանն ապաստան է տվել ռուս ընդդիմադիր Շիշկինին, եւ որ սա հնարավոր է լինի մեր իշխանությունների պատասխան քայլը Ռուսաստանին, որը հրաժարվել էր արտահանձնել ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին: Շավարշ Քոչարյանը որոշակի բան չասաց։

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը չի ուզում, որ աշունը թեժ լինի, առհասարակ քաղաքական թեժությանը դեմ է, քանի որ այն կազդի մարդկանց տրամադրության, տնտեսության վրա։ Առանց այդ էլ, ըստ նրա, թեժ է մեր կյանքը, եւ մի դեպք հիշեց իր կյաքից, երբ դատարանների անկախության մասին մասնագիտական կարծիք էր ասել ու հայոյանքներ կարդացել սոցցանցերում։

Արշալույս գյուղի մոտ կրակոցներ են հնչել, եւ ըստ մամուլի՝ կրակողը եղել է կալանավորված գեներալ Մանվել Գրիոգրյանի որդին՝ 26-ամյա Արա Գրիգորյանը։ Վեճը ծագել է ճանապարհը չզիջելու շուրջ։ Կրակոց արձակելուց հետո Արա Գրիգորյանը առանց որևէ խոսք ասելու հեռացել է: Վաղարշապատի ոստիկանները շուտով նրան բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Արա Գրիգորյանը ոստիկաններին ներկայացրել է գազային ատրճանակ։ Անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել է փականով դանակ։ Նրա «Հունդայի» մակնիշի ավոտմեքենան տեղափոխվել է ոստիկանության հատուկ տարածք։

Դոլարն այսօր փոքր-ինչ էժանացել է, փոխարժեքը կազմել է 476 դրամ։ Եվրոն 526 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 585, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 22 դրամ։

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: 

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +28+30: