Բջնիի իր առաձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, գեներալ գնդապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով, դիակի մոտ եղել է հրազեն: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ի կեսգիշերին։ Հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հարությունյանը օգտագործել էր զգալի քանակությամբ ալկոհոլ: Քննիչներն առգրավել են նրա տան մուտքը նկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության: Ըստ Քննչական կոմիտեի՝ ենթադրալ ինքնասպանության նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու անձից, բնակարան մուտք չի գործել:

Մամուլին շուտով մանրամասներ հայտնի դարձան նախկին ոստիկանապետի ինքնասպանությունից՝ hayeli.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրեց, որ  ինքնասպանությունը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ: Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է.«Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան, էս մի քանի ամիս է՝ ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք  մեղավոր չեն»: Ուշագրավ է, որ այս սցենարը իր աղբյուրներին հղում անելով պնդեց նաեւ մեկ այլ լրատվամիջոց՝ «Ժողովուրդը», որի գլխավոր խմբագիրը խորհրդարան է մտել «Իմ քայլի» ցուցակով։

Քննչական կոմիտեից սակայն հերքեցին այս տեղեկությունը՝ հայտարարելով, թե վկան հարցաքննվել է եւ հայտնել, որ Հայկ Հարությունյանի հետ խոսակցությունը չի առնչվել Մարտի 1-ի գործին։ Ավելին՝ Քննչական կոմիտեն գրություն ուղարկեց այդ լրատվամիջոցներին՝ հոդվածների հեղինակներին պարզելու և նրանց հարցաքննելու համար:

Հայկ Հարությունյանը ոստիկանապետ է եղել մարտի 1-ի դեպքերի ժամանակ եւ այդ գործով առանցքային վկաներից էր։ Նրա մահը տարբեր վարկածների ու կասկածների տեղիք տվեց։ Նախկին դաշնակացական Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ Հայկ Հարությունյանի ինքասպանությունը այս իշխանությունների խղճին է։ «Պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»,- ասել է նա:

Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը քիչ հավանական է համարել ինքնասպանության վարկածը։ «Եթե անգամ այդպես է, Հայկ Հարությունյանի նման հավասարակշռված ու պլանավորող մարդը, ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ՝ ոչ մեկ օրինակով և ոչ մեկ հասցեում։ Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»,- ասել է նա:

Փաշինյան-Վանեցյան հեռակա վեճին նոր մասնակիցներ են միացել, ու ուշագրավն այն է, որ Փաշինյանի թիմակիցը համարվող Սասուն Միքայելյանն է հիշել իր եւ Վանեցյանի ընկերությունը՝ հայտարարելով, որ նա միշտ լինելու է իր ընկերը, բայց ավելի ուշագրավ է, որ ԵԿՄ նախագահը հրապարակային անհամաձայնություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Մինչդեռ Վանեցյանի հետ Միքայելյանը համաձայն է՝ սթափվել է պետք։

Իսկ վարչապետի խոսնակը կասկած հայտնեց, որ Վանեցյանը կխոսի, այսինքն՝ կհրապարակի գաղտնիքներ, որոնք կարող են վնասել իշխանությանը։ Եվ առահասրակ՝ նա զարմանալի համարեց Վանեցյանի հրապարակային կեցվածքը։

Իշխանության թեւում այսօր դժգոհության այլ նշաններ էլ եղան․ Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ մտահոգված է իր զինակցի՝ Մանվել Գրիգորյանի վիճակով։

Իսկ դատարանը քննում էր Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու հերթական միջնորդությունը։ Գեներալը ի վիճակի չէր եղել մասնակցելու նիստին։ Նրա առողջության վերաբերյալ դատարանին ներկայացվեց ֆրանսահայ փորձագետի եզրակացությունը։

Փաստաբաններն առաջարկեցին 5 միլիոն դրամ գրավով ազատ արձակել գեներալին։ Միջնորդությունը մերժվեց, Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ։

«Իմ քայլի» փաստաղթուղթը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ, մի ինստանցիա անցավ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իշխող թիմի նախաձեռնությանը։ Մինչ այս «Լուսավոր Հայաստանը» արդեն հայտարարել էր, որ կողմ կվեարկի այդ նախաձեռնությանը, «Բարգավաճ Հայաստանը» դեռ չի կողմնորոշվել։ «Իմ քայլի» փաստարկները համոզիչ չեն հատկապես պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի համար։ Հնաձնաժողվի նիստում նա ակնհայտ դժգոհությամբ էր լսում Թովմասյանի անաչառության վերաբերյալ կասկածները եւ ի վերջո հունից դուրս եկավ։

Հայաստանում այսօր առավոտից հայտարարվել է պայմանական ռազմական դրություն, սկսվել են ծավալներով աննախադեպ ռազմավարական զորավարժություններ, որոնց ներգրավված են նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները։

Զորավարժություններին մասնակցում է նաեւ Արցախի Պաշտպանության բանակը, այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, զինված ուժերը հաջորդ փուլում դիմագրավելու են հակառակորդի ագրեսիան։ Ըստ Պաշտպանության նախարարի՝ խաղարկվում է «Ապրիլյան պլյուս» սցենարը։

Ադրբեջանցի զինծառայողի մարմինը Կարմիր խաչի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից։ Նա սպանվել էր սեպտեմբերի 22-ին դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ։

Սակայն իրականում ինչ է տեղի ունեցել՝  դիվերսիայի փորձ թե այդ խումբը մոլորվել էր, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, դեռ ուսումնասիրվում է։ Ըստ պաշտպանության նախարարի՝ շատ տարօրինակ բան է կատարվել։ 

Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ որոշում է կայացրել վայր դնել մարզպետի լիազորությունները զորավարժությունների ավարտից հետո։ Հիշեցնենք՝ նրա օգնականը կալանավորվել է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու կասկածանքով։ Սպան կոմայի մեջ է։ Մարզպետը իր հայտարարության մեջ պնդել է, որ ինքը որեւէ առնչություն չունի միջադեպի հետ, եւ այդ որոշմանը հանգել է՝ կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 523 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 592, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 48 դրամ։

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +26+28։