Այն, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներից ոմանք թույլ են տվել ենթադրյալ չարաշահումներ, դա դեռ չի նշանակում, որ ՊՎԾ պետը պետք է պատասխանատու լինի կան նրա գործողություններում պետք է լինի հանցակազմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Այս գործով 3 մեղադրյալներ կան, նրանց մասով գործ է քննվել, որի ընթացքում ըստ նրանց ցուցմունքների՝ իրենք գրել են, որ կատարել են որոշակի չարաշահումներ եւ դրանից հետո որոշվել է ՊՎԾ պետին ներգրավվել այս գործընթացին։ Ես գտնում են, որ այն, որ ՊՎԾ աշխատակիցներից ոմանք թույլ են տվել ենթադրյալ չարաշահումներ, դա դեռ չի նշանակում, որ ՊՎԾ պետը պատասխանատու լինի, կան մրա գործողություններում լինի հանցակազմ, քրեական պատասխանատվության կարեւոր սկզբունքներից է այն, որ անձը ըստ մեղքի պատասխանատվություն է կրում եւ պետք է նրա դիտավորության մեջ լիներ, նա պետք է տեղյակ լիներ իր աշխատակիցների գործողությունների մասին, միայն այդ դեպքում նա կարող էր քրեական պատասխանատվության  ենթարկվել։ Որեւէ ցումունքով չկա նման բան, որ պարոն Սանասարյանը այդ երեք անձանց սխեմաներից տեղյակ է եղել, նրանց ցուցմունքներում հստակ նշված է եղել, որ իրենց սխեմաներն իրենք են կամել եւ պարոն Սանասարյանը տեղյակ չի եղել նրանց գործողություններից»,–նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ միակ բանը, որով Դավիթ Սանասարյանին կապում են այս գործին, Սամվել Ադյանի ցուցմունքն է. «Իր ցուցմունքում Սամվել Ադյանը նշում է՝ երբ գործի եմ ընդունվել, պարոն Սանասարյանին տեղեկացրել եմ, որ ունեմ բիզնես, երկրորդ ցուցմունքը, որը կապում է պարոն ս Սանասարյանի հետ, այն է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասում է, որ 2018 թվականի վերջերին ունեցել եմ հեռախոսային խոսակցություն պարոն Սանասարյանի հետ, որի ընթացքում նրան հայտնել եմ, որ տենդեռին մասնակցել է մի ընկերությունը, որը կապված է ՊՎԾ աշխատակիցների հետ, շատ լավ գնային առաջարկ է ներկայացրել, օրենքի տառին համապատասխան հաղթել է, բայց ոնց որ փաստաթղթերի հետ կապված խնդիր կա, իբր պարոն Սանասարյանը ճշտումներ անելուց հետո ասել է՝ որեւէ խնդիր փաստաթղթերի հետ կապված չկա»։

Արսեն Սարդարյանը տարակուսում է՝ նույնիսկ մեղադրանքում գրված չէ, որ Դավիթ Սանասարյանը որեւէ շահագրգռվածություն է ունեցել, բայց ձեռք է բերել մեղադրյալի կարգավիճակ.

«Ցուցմունքերից երեւում է, որ երեք անձինք, որոնք ունեցել են ֆիրմա եւ մասնակցել են տենդեռին, նրանցից 2-ը եղել են ՊՎԾ աշխատակից, շահույթը բաժանել ենք 3-իս միջեւ, պարոն Սանասարյանը տեղյակ չի եղել ինչ տենդեռի ենք մասնակցել, ցուցմունքներից երեւում է, որ մյուս 2-ը վախեցել են այս գործընթացից, Ադյանին ասել են՝ էս ինչ ենք անում, նա էլ իբր ասել է՝ Սանասարյանը տեղյակ է, դուխով»։

Փաստաբանը շեշտում է՝ Թորոսյանի եւ Ադյանի ցուցմունքներն ակնհայտ կեղծ են, «մեղադրանքը հիմնավորված չէ, նույնիսկ եթե այդ կեղծ ցուցմունքները հիմք ընդունենք»։

Սամվել Ադյանի ցուցմունքների հակասականության մասով փաստաբանը նշեց, որ  նախ նույն գործի ընդունվելու հանգամանքը բարդ տերմիններ է օգտագործել, որից չի հասկացվում ինչ է  ուզում ասի. «Ասում է՝ ես ասացի, որ ես բիզնես ունեմ, պարոն Սանասարյանը ասաց դու պետք է որեւէ կապ չունենաս որեւէ բիզնեսի հետ իրավաբանական առումով պաշտոնապես չունենաս, իր ընկալման մեջ հասկացել է, որ նշանակում է կարող անել, ուղղակի ձեւակերպած չլինի։ Ադյանն ասում է երբ դիալիզի մեջ չարաշահումների մասին զեկուցում էի պարոն Սանասարյանին, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում , որ ոչ միայն  Սանասարյանը, այլ նաեւ վարչապետն է տեղյակ, որ ես իմ ֆիրմայով մասնակցում եմ այդ գործընթացին։

Նա ցուցմունքում էլ նշում է, որ պետական շահով քողարկված ներկայացնում էր իր շահը։ Ես մտածում եմ, որ պարոն Ադյանն ունի ընկալման խնդիր կամ ինչ–որ իրավիճակ ստիպել է նրան գրել մի ցուցմունք, որը զուրկ է տրամաբանությունից»։

Սարդարյանը նաեւ հավելում է՝ Արսեն Թորոսյանի ցուցմունքի հարց է առաջանում.

«Պարոն Թորոսյանի ցուցմունքի հարց է առաջանում, հեռախոսային խոսակցությունից հետո ֆեյսբուքյան գրագրություն է տեղի ունենում, որից երեւում է՝ պարոն Սանասարյանը մենաշնորհով անհանգստացած եւ 3 անգամ թանկ մրցույթով է անհանգստացած, Թորոսյանն ընդունում է այդ, բայց նշում է՝ առողջության չափանիշ կա,  Սանասարյանն ասում է՝ դիր առողջության չաանիշ, բայց միայն «Ֆրեզենի» համար պահանջներ չենք կարող դնել։ Թորոսյանը հարց է տալիս՝ «Զորաշեն» ՍՊԸ–ի համար եք անում, պարոն Սանասարյանը զարմանում է, թե ինչ ընկերության մասին է խոսքը։

Եթե 2018-ին զանգել է ասել է, որ ՊՎԾ աշխատակիցների հետ ընկերությունը շահել է տենդեռին, բայց փասատթղթերի հետ կապված խնդիր կա, իսկ հետո ընթացքավորել է այդ տենդեռը, ուրեմն Թորոսյանը այդ հանցագործությանն աջակցողն է։ Այդ պարագայում ինչու է երկակի ստանդարտներ կիրառվում»։

Նա նշեց, որ մտահոգիչ է Արսեն Թորոսյանի ցուցմունքները, չնայած ինքը հազմոված է, որ թե Սանասարյանի եւ թե Թորոսյանի գործողություններում հանցակամ չկա։

Սանասարյանի փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանն էլ համոզված է՝ ՀՔԾ տիրույթում պետք է քննվեր գործը.

«Ինչպես գիտեք, հարուցվել էր քրեական գործ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, մեղադրանք էր առաջադրվել ՊՎԾ երկու աշխատակցի, կատարված քննչական գործողություններից հետո մեր պաշտպանյալին հրավիրեցին քննչական դեպարտամենտ, ի սկզբանե պարզ երեւում  էր, որ ուղղորդված քննություն պետք է լինի, ակնհայտ էր, որ ինչ–որ տեղից ղեկավարվում էր այդ ամենը, որովհետեւ նրա նկատմամբ քրեադատավարական խախտումները ակնհայտ էին այդ պահին էլ, միանշանակ էր, որ եթե հարց էր ծագել, որ կարող է պատահի ՊՎԾ բարձրաստիճան պաշտոնյան որպես կասկածյալ հարցաքննվի կամ արդեն իսկ տեսնում էին՝ մեղադրանք պետք է առաջադրեն, միանշանակ է, որ գործը պետք է տեղափոխվեր ՀՔԾ, բայց իրենք այդ ճանապարհով չգնացին, նույնիսկ այն բանից հետո, երբ պաշտպանական կողմը հայտնեց բացարկի միջնորդություն։ Փաստորեն այդ միջնորդությունը նույնպես մերժվեց օրենքի տառի կոպիտ խախտմամբ, քանի որ քր. դատ. օրենքսգիրքը հստակ սահմանում է, որ նման գործերը պետք է գտնվեն ՀՔԾ տիրույթում, բայց ակնհայտ էր, որ պարոն Սանասարյանի նկատմամբ ուղղորդված եւ պատվիրված քննություն պետք է տեղի ունենար»։

Փաստաբանը համոզված է՝ Սանասարյանին պարզպես ցանկացել են հեռացնել ՊՎԾ պետի պաշտոնից.  «Այն բանից հետո, երբ պարոն Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ ՊՎԾ–ին չէին սպասում եւ որոշ անձինք սկսեցին ուղղորդել այդ գործը։ Ստացվեց այնպիսի մի իրավիճակ, որ այդ գործով անցնող մեղադրյալները, որոնք գտնվում էին նախնական կալանքի տալ, իրենք սկսում են այնպիսի դիմումներ ներկայացնել իրենք քննիչներին, խնդրում են առանձնատեսակցություններ առանց պաշտպանների եւ հայտնվում են պարոն Սանասարյանի դեմ ցուցմունքներ, այսինքն ձեռագիրն ակնհայտ է, գործը սարքվել է։ Այստեղ մեկ նպատակ էր հետապնդում վարույթն իրականացնող մարմինը, որ անմիջապես կասեցվեր մեր պաշտպանյալի լիազորությունները։ Քրեական գործը բաղկացած է 29 հատորից, որն ըստ էության վերաբերելի չի, հիմնականում պատճենահանված փաստաթղթերով է ծանրաբեռնված, որը քրեական գործի նյութ էլ չի կարղ հանդիսանալ, բուն քրգործը  3-4 հատոր է, իրենք ծավալ են տվել քրգործին, որ տպավորություն ստեղծվի իբրեւ լուրջ քրգործ են քննել»։

Ինեսսա Պետրոսյանը վստահ է՝ իր պաշտպանյալի մասով մեղադրական եզրակացություն չէր կարող հաստատվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք էր դադարեցվեր։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 18-ին ԱԱԾ-ն տեղեկություն է տարածել, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերեւույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու եւ ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ եւ փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերեւույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն։

Սանասարյանի գործն արդեն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին:

Ըստ տեղեկությունների Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը Արսեն Թորոսյանն է: Հայտնի է, որ ՊՎԾ աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել հենց առողջապահության նախարարի դիմումի հիման վրա, որը վերաբերել է բուժհաստատություններին հեմոդիալիզի սարքեր մատակարարող ընկերությունների մրցույթին։ «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, թե Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ՍՊԸ-ն։