«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը դիտարկում է զուտ իրավական տեսանկյունից: Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նրա խոսքով՝ իրենք այդ հարցով պարզ եւ հստակ դիրքորոշում ունեն: «Յուրաքանչյուր իրավական գործընթաց պետք է լինի օրենքի եւ Սահմանադրության շրջանակում: Կարծիքները շատ են, ընդ որում, հակասական: Մենք առաջնորդվում ենք այն պարզ գաղափարով, որ կան իրավական գործընթացներ, եւ մենք պետք է դրանց վրա հենվենք»,- նշեց Աբովյանը: Նա նաեւ նշեց, որ պետք է հիմնվել ոչ թե էմոցիոնալ ֆոնի, խոսակցությունների, տեղեկատվական ճնշման, այլ հստակ, հասկանալի իրավական գործընթացների վրա:
«Մեր իրավաբան պատգամավորներն իրենց կարծիքը ունեն, եւ մենք հետեւում ենք յուրաքանչյուր ընթացքի: Անհրաժեշտության դեպքում մեր կարծիքը կհայտնենք: Սակայն այժմ մենք խնդիրը դիտարկում ենք զուտ իրավական տեսանկյունից»,- ընդգծեց Աբովյանը:











