Այդ մասին վարչապետը բավականին ընդգրկուն ելույթ ունեցավ, որին հաջորդեց վարչապետի խոսնակի պարզաբանումը, որտեղ կար անդրադարձ նախարարների, փոխնախարարների, մարզպետների աշխատավարձերի բարձրացման մասով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, մարզպետների աշխատավարձերը:
Նա չցանկացավ նշել, թե որքան է բարձրացել կոնկրետ իր աշխատավարձը. «Այդ մասով որեւէ ավելացնելու բան չունեմ: Քանի որ դա գաղտնի փաստաթղթով է շրջանառվել, որեւէ գաղտնի փաստաթուղթ ես ի պաշտոնե իրավունք չունեմ մեկնաբանելու»,-ասաց նա:
Մարզպետը հիշեցրեց, որ իրենք հայտարարագրում են իրենց եկամուտները, ինչը բաց ներկայացված է համացանցում:
Լրագրողի դիտարկմանը, թե պետական ապարատի աշխատակիցներից դժգոհություն կա, որ պարգեւավճար ստանում են միայն նախարարին, մարզպետին մտերիմ անձինք, Ռոմանոս Պետրոսյանն արձագանքեց. «Իմ ասով դա 100 տոկոսով հերքում եմ: Պարգեւավճարներ ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք։ Նախորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգեւատրվել են, այդ թվում մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ եւ այլն։ Միայն այն հաստատությունները եւ բուժհաստատությունների մի փոքր հատված չի ստացել պարգեւավճար, որտեղ ֆինանսական բացեր ենք ունեցել եւ վնասով է տարին փակվել»,- ընդգծեց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ դա նաեւ սոցիալական վիճակը մեղմելուն ուղղված քաղաքականություն է:
«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ խոսքը 3200 մարդու մասին է, որոնք ստացել են պարգեւավճարներ»,-ընդգծեց մարզպետը:
Հարցին, թե արդյոք աշխատավարձի բարձրացմամբ իր աշխատանքի արդյունավետությունը բարձրացել է, մարզպետը պատասխանեց. «Այս պահին Կոտայքի մարզում կառուցվում եւ հիմնանորոգվում է շուրջ 10 մանկապարտեզ: Երեք խոշոր համայնքներում զրոյից է կառուցվում մանկապարտեզ: Մարզում արդեն կառուցման փուլ է մտել երկու նոր մոդուլային դպրոցի շենքեր, ինչպես նաեւ սեյսմիկ ռիսկի նվազեցման շրջանակներում Աբովյանում եւ Հրազդանում երկու խոշոր դպրոցներ պետք է ամբողջությամբ քանդվեն եւ նորը կառուցվի: Բացի այդ, շուրջ 6 մշակույթի տներ սուբվենցիոն ծրագրերով կառուցվում են: Միայն Եղվարդում ավելի քան 25 հազար քմ տարածք ֆրեզապատվել եւ բարեկարգվել է բակային հատվածներից: Չարենցավանում բակային հատվածների 80-90 տոկոսն ասֆալտապատվում է»:
Հարցին, թե իրեն հիմա գոհացնո՞ւմ է իր աշխատավարձը, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Անկեղծ ասեմ, մարզպետի կարգավիճակն ինձ համար աշխատանք չէ: Սա պետական ծառայություն է: Ես իմ աշխատանքը համարում եմ պարտք մեր պետականության եւ պետության հանդեպ: Իմ աշխատանքի արդյունավետությունը ես չեմ չճափում աշխատավարձով»:











