Ինչու է Սեյրան Օհանյանը Ռոբերտ Քոչարյանին համեմատում մյուս նախագահների հետ. մյուս նախագահներն ամբաստանյալներ չեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ռոբերտ Քոչարյանն այս պահին գործով անցնում է որպես ամբաստանյալ եւ նրա նկատմամբ կա կոնկրետ կիրառված խափանման միջոց: Հետեւաբար պարոն Օհանյանի համեմատությունը, կարծում եմ՝ տեղին չէ»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին «մարտի 1»-ի գործով դատական նիստին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում. «Առաջին հերթին, նրա կարգավիճակն անհավասար է: Մեծ հարգանք եմ տածում այն մարդկանց նկատմամբ, ովքեր մարտի 1-ին կորցրեցին իրենց հարազատներին, սակայն պետք է նշեմ, որ այժմ այդ հարցը չի քննարկվում»,- ասել է նա:











