Մենք «վեթինգ»-ի այլ տեսլական ունեինք, բայց հիմա այդ բեռը մնաց նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա հույս հայտնեց, որ այս նորաստեղծ հանձնաժողովը հնարավորինս ամեն ինչ անելու է այդ ուղղությամբ:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե կոռուպցիա այլեւս չկա, Մարուքյանը պատասխանեց, որ կոռուպցիա միշտ կա եւ բոլոր երկրներում կա. «Այլ բան է կոռուպցիայի մակարդակը եւ հանրային ընկալումը: կոռուպցիայի հանրային ընկալումը դեռեւս շատ բարձր է, բայց օրինակ համակարգված, մեկ կետից կառավարվող կոռուպցիա այօր ՀՀ-ում չկա: Այսօր կա կոռուպցիա ավելի ցածր մակարդակներում: Այսօր մենք տվյալ ունե՞նք, որ ինչ-որ նախարար կոռումպացված է: Հենց ունենանք, ես դրա մասին ամբիոնից կխոսեմ: Կառավարության մակարդակում այդ քաղաքական կամքը կա, եւ հիմա դա պետք է իջեցնել նաեւ մինչեւ ամենացածր իշխանավորների մակարդակ, ինչը շատ բարդ է: Այդ գործով զբաղվել ենք, զբաղվում ենք եւ պետք է շարունակենք զբաղվել»,-ընդգծեց նա:
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին նիստը, որտեղ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» առաջարկած թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը:











