Եթե ՍԴ ճգնաժամը չլիներ, Տարոն Սիմոնյանը ԼՀԿ պատգամավոր չէր լինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու կառավարության նախաձեռնության քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
«Եթե ՀՀ-ում պրոցեսներն այլևս ընտրություններով չեն կարգավորվում, դա ՍԴ-ի ամենամեծ ձախողումն է, այսինքն՝ միայն այն, որ 2018 թվականին ժողովուրդն իր իշխանությունը իրացրել է փողոցում, դա նշանակում է, որ ՍԴ-ն ուղղակի ձախողել է։ Իրենց մասնագիտական բարոյականությունն այն կլիներ, որ ժողովրդի իշխանության իրացման փուլի ավարտից հետո իրենք հրաժարական տային, գնային։ Այն փաստը, որ ժողովուրդը ստիպված է եղել փողոցում իր իշխանությունը պաշտպանել, այլ ոչ թե ՍԴ-ում, դրա պատասխանատուն ՍԴ-ն է»,- ասաց Հովակիմյանը։
Անդրադառնալով ԲՀԿ և ԼՀԿ պատգամավորների այն դիտարկմանը, թե ՍԴ-ում ճգնաժամ չկա, Հովակիմյանն ասաց․
«Երբ Գևորգ Պետրոսյանն է ասում՝ չկա ճգնաժամ, ես դա հասկանում եմ, որովհետև ինքը 6-րդ գումարման պատգամավոր է եղել, եթե Հայաստանի ներկայիս իրողությունը չլիներ, ինքը կրկին նստած էր լինելու այդ նույն տեղում, ըստ էության՝ իր կյանքում բան չի փոխվել․ հա հեղափոխություն եղավ՝ ինձ ինչ։ Ես նույնը չեմ հասկանում, երբ դա ասում է պարոն Սիմոնյանը։ Պարոն Սիմոնյան, եթե այդ ճգնաժամը չլիներ, դուք այսօր պատգամավոր չէիք լինի, ես չէի լինի, իսկ պարոն Մարուքյանն արդեն պատգամավոր էր։»։
Տարոն Սիմոնյանն էլ Հովակիմյանի առաջարկեց, ձեռնպահ մնալ հայտարարություններ անելուց, եթե ավելի խորը գիտելիքներ չունի իր անցած ճանապարհի մասին․
«2018 թվականից մի տարի առաջ էլ ես ունեի մեծ հնարավորություն՝ դառնալու պատգամավոր, բայց իմ կամքով չդարձա։ Ես չուզեցի «Ելքի» ցուցակով առաջադրվել, դա էլ ձեզ գաղտնիք բացահայտեմ։ Ո՞վ է ասում, որ ՍԴ-ն հիասքանչ դատարան է, մենք էլ երջանկությունից պայթում ենք, երբ ՍԴ ենք գնում ու կարդում որոշումները»։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները: Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ 2015-ի Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: Ընդ որում, երեք դատավորի ներկայացնում է կառավարությունը, երեքին՝ ՀՀ նախագահը եւ երեքին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետեւ ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,-ասաց Բադասյանը: Նա հավելեց, որ մի շարք երկրներում այս պրակտիկան կիրառվել է: հունգարիայում եւ Լեհաստանում կիրառվել է վաղ կենսաթոշակի գնալու պարտադիր սխեման, որը քննադատվել է ԵԽ տարբեր մարմինների կողմից, դրա համար Հայաստանը որդեգրել է կամավոր թոշակի գնալու տարբերակը:











