Բանակում ծառայելու պարտավորությունը չեղարկելը շատ մեծ սխալ կլինի, նման պայմաններում բանակը լրիվ կդատարկվի: «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախաձեռնությանը այսպես է արձագանքել  «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը:           

«Այնպես որ, կարծում եմ՝ առաջիկա 20-25 տարիներին պարտադիր ծառայությունը մնալու է: Մենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, Թուրքիային էլ չմոռանանք: Բանակում ծառայելը ոչ միայն պարտադիր, այլև մշտական պետք է լինի: Այսինքն, քաղաքացին տանը նստած էլ պետք է մտածի դիրքերի մասին: Իշխանություններն այսօր պետք է այնպես անեն, որ քաղաքացին միշտ պատրաստ լինի պատերազմին: Նախկին իշխանություններն էլ 25 տարի, կարելի է ասել, ոչինչ չարեցին, իսկ այսօրվա իշխանությունները… չգիտեմ: Նման ծրագրերը ժողովրդին կամաց-կամաց հեռացնում են իրենցից: Բոլորին խնդրում եմ՝ աբսուրդ նախագծերով չդիպչել բանակին: Մեկը գիշերը երազ է տեսնում, առավոտյան վեր է կենում, ինչ-որ նախագիծ է ներկայացնում: Չգիտեմ, թե 10 միլիոնը որտեղից է բերված, մեկ ամիսը՝ որտեղից: Արդյո՞ք ինքը պատկերացնում է, թե մեկ ամսում զինվոր պատրաստելն ինչ է: Մենք զինվորի՞ կարիք ունենք, թե՞ փողի, դա էլ հասկանանք»,- ասել է Վազգեն Սիսլյանը:

Սիսլյանը նշել է, որ քաղաքացու համար մեծ գումար է 10 միլիոնը, նաեւ չի կարծում, որ այսպես բյուջեի խնդիր կլուծվի, իսկ 1 ամսում զինապարտները չեն կարող լիարժեք զինպատրաստություն անցնել:

Նշենք, որ ըստ այս նախագծի` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին: