Հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բակում այսօր՝ դեկտեմբերի 3–ին, հավաքվել էին Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակիչներ, որոնք պահանջում են, որպեսզի պատկան մարմինները անհապաղ հստակ պատասխան տան, թե ինչ պայմաններում է դեկտեմբերի 2-ին Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկում կասկածելի հանգամանքներում մահացու հրազենային վնասվածք ստացել 21-ամյա Արթուր Աջամյանը:
Արթուր Աջամյանի հարազատները հայտնել են, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձման աշխատանքները, քանի դեռ ապահովված չէ դիահերձման տեսագրումը:
«Այստեղից մեկ քայլ չենք հեռանալու, մինչեւ չպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են սպանել մեր զինվորին: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, երբեք չի դժգոհել ծառայությունից: Երեկ էլ իր ծնունդն էր։ Զինվոր եմ ուղարկել, որ դիակ հետ ստանա՞մ։ Կռվարար երեխա չի եղել, չափից դուրս համեստ է եղել։ Ծառայության ընթացքում մեզ հետ անընդհատ կապի մեջ է եղել։ Որ օրը ծնվել է, այն օրն էլ մահացավ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի հորաքույր Էլեոնորա Աջամյանը:
Աջամյանի պապը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ մահվանից մեկ օր առաջ խոսել է թոռան հետ. «Ասեց՝ պապի ջան, դիրքերում եմ, ես էլ նախօրոք շնորհավորեցի ծնունդը։ Ասեցի՝ վաղը հաշվեհամարիդ գումար եմ փոխանցելու, ինձ ասաց՝ պապի, ունեմ, պետք չի։ Երեկ էլ զանգեցին,ասեցին՝ սենց դեպք է եղել»։
Նա ասաց, որ դիակի զննության ժամանակ ներկա է եղել. «Ճակատից խփել են, հետեւից փամփուշտը դուրս է եկել։ Աջ ձեռքի հատվածում կան նոր վերքեր, իսկ ձախում՝ հին վերքեր, ճակատին՝ կապտուկներ»։
Նշենք, որ Աջամյանը ծառայում էր ազգային հերոս Քյարամ Սլոյանի զորամասում, նա մահացել է հենց իր ծննդյան օրը:
Հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել. նրանք պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին. «Մենք գիտենք, Արթուրին էլ հետ չենք բերի: Սակայն պահանջում ենք, որպեսզի մեղավորը կամ մեղավորները օրենքի ողջ խստությամբ քրեական պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ծնող այն վիշտը չապրի, որ հիմա մենք ենք ապրում»,-ասաց հարազատներից մեկը:
Այստեղ էր նաեւ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը, որը ողջ եզդի համայնքի կողմից դատապարտեց կատարվածը ու հույս հայտնեց, որ իրականությունը կբացահայտվի:
Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 2–ին, ժամը 06:50-ի սահմանում, Պաշտպանական բանակը հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:











