Սրանից մի քանի ամիս առաջ ավելի քիչ թվով քաղաքացիներ դատարանների մուտքերն էին շրջափակել, ոստիկանության կողմից դատարանների մուտքներն ազատելու որևէ փորձ չտեսա։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը։

«Եթե մենք օրենքի երկիր ենք կառուցում, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ։ Երիտասարդները հավաքվել էին և խաղաղ ակցիա էին իրականացնում, խաղաղ պահանջներ ներկայացնում։ Ուժ կիրառելու անհրաժեշտություն ընդհանրապես չտեսա»,-նշեց նա։

Դիտարկումներին, որ ավագ ՀՅԴ-ականներն են օգնում երիտասարդներին, թե ինչ կարելի է անել, Խաչատրյանն արձագանքեց․ «Մեր երիտասարդները քաղաքականապես բավականաչափ հասուն մարդիկ են, իրենք իրենց քայլերը կարող են կշռադատել։ Ոչ մեկս մեր երիտասարդների հետևում չենք թաքնվում, դա երիտասարդական միության ակցիան էր, իրենք սկսել են, իրենք շարունակում են»։

Հիշեցնենք՝ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին ազատել նախարարության մուտքը, ապա բռնի ուժով հեռացրեցին երիտասարդներին։ ՀՅԴ երիտասարդները փակեցին Վազգեն Սարգսյան փողոցը։ Փողոցը բացելու համար ոստիկանական մեծ թվով ուժեր էին կենտրոնացվել, որոնք մի քանի անգամ գերազանցում էին ցուցարարների թվին, փողոցը բացելուց հետո ցուցարարների մի մասը բերման էր ենթարկվել։ ՀՅԴ երիտասարդները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը։