Իրականում սա շատ անկարևոր նախաձեռնություն է, որովհետև լուծման տեքստով նույնիսկ խնդիրը նորմալ սահմանված չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին։

«Պարոն Աբովյան, եթե մեկ հոգի ավելանա «Բարգավաճ Հայաստանում»,  որակական որևէ բան փոխվելո՞ւ է։ Մենք ունենք մեծ վերք, որը Ազգային ժողովի մարդկային կարողությունների պակասն է։ Դա կարող ենք ասել ֆրակցիայի մասով, կարող ենք ասել հանձնաժողովների մասով, աշխատակազմի մասով, բայց այդ վերքը բուժելու համար ուզում ենք մի բինտ փաթաթենք, որը որևէ բան չի տալու, որովհետև այս նախագծում ոչ հաշվարկված է, թե ինչ է․․․պարոն Մելքումյանն ասում ՝ չմարսված, հերթական չմարսված նախագիծն է սա, ինչի վրա մենք բավական ժամանակ ենք ծախսել։ Մենք չենք տեսել լուծումներ, որ սա ինչ-որ բան ավելացնելու է, բացի նրանից, որ մինչև երեք հոգի ամեն ֆրակցիայում աշխատանք է ստանալու։ Տիկնայք և պարոնայք, դուք այս շենքում, բակում, միջանցքներում քայլում եք, տեսնում եք չէ՞՝ մարդիկ պարապ են ֆռֆռում։ Չե՞ք նկատել»,-ասաց նա՝ հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու։