Համակարգային մտածողության բացակայությունը խանգարում է պարոն Փաշինյանին հասկանալ՝ ինչ է կատարվում երկրում եւ դա ակնհայտ է՝ արտաքին քաղաքական օրակարգից մինչեւ ներքաղաքական խնդիրներ։ Այս մասին NEWS.am-ին ասել է ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա
համարում է, որ Նիկոլ Փաշինյանը հավանաբար չի ուզում իրեն նույնականացնել որպես նաեւ այն մարդկանց վարչապետ, որոնք իրեն չեն ընտրել, իր հետ համաձայն չեն։ «Նա պետք է հասկանա, որ բոլորի վարչապետն է, պատասխանատվություն է կրում նրանց անվտանգության, բարեկեցության, անդորրի, ներդաշնակության համար», ասել է Ա.Հովհաննիսյանը։
10 բալանոց սանդղակով ինչպես է գնահատում ներքաղաքական ու հասարակական անհանդուրժողականությունն ու ատելության խոսքի տարածվածությունը՝ հարցին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «100։ Եվ սա ես ասում եմ իմ մաշկի վրա դա անմիջականորեն զգացած լինելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքս ե՛ւ բազմաթից սպառնալիքներ եմ ստացել, ե՛ւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում սոցցանցերում։ Փաշինյանի ասածը, թե իրենք կապ չունեն, երեսպաշտություն է»։
Բացի այդ, ըստ Արփինե Հովհաննիսյանի, իշխանությունը բոլոր միջազգային փաստաթղթերով ունի պարտավորություն այդ ուղղությամբ անել ինչ-որ բան։
«Չեմ ասում՝ կհաջողի, բայց գոնե ցանկություն դրսեւորի դա անելու, ցանկությունն էլ չկա։ Նա անկեղծորեն համարում է, որ մարդիկ վաստակել են դա։ Չեմ հասկանում, թե ինչպես է պատահում, որ, իր բնութագրմամբ, այդ ատելությունը վաստակողներն այսօր իր կողքին են։ Ես դիմել եմ իրավապահ մարմիններին, ընդ որում նաեւ վերջերս, որովհետեւ մարդիկ կան, որոնք Փաշինյանին իրոք համարում են սուրբ և այդ պատճառաբանությամբ համարում են, որ ես պետք է չքննադատեմ նրան, անհանգստացնում են ինձ, հետապնդում ընդհուպ աշխատավայր գալով։ Սա այն իրականությունն է, որը պարոն Փաշինյանի այլեւս շքեղ կյանքից այնկողմ տիրում է երկրում եւ նա պատասխանատվություն է կրում դրա համար», ասել է Արփինե Հովհաննիսյանը։











