Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, աշակերտներն ու ծնողները նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանին դիմավորեցին «Ոսկանյան, հեռացի՛ր» բացականչություններով:
Նորանշանակ տնօրենի հետ միասին դպրոց եկան Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները, սակայն ծնողները միայն վերջիններիս թույլ տվեցին ներս մտնել, դուռը փակելով տնօրենի առաջ. «Ժողովուրդը ձեզ չի ուզում։ Դուք այս մթնոլորտում ո՞նց պետք է աշխատեք»։
Ավելի ուշ, ծնողների համաձայնությամբ, ներս հրավիրեցին նաեւ Շուշանիկ Ոսկանյանին, որը նախ իրեն ներկայացրեց, ապա պատասխանեց ուսուցչական անձնակազմի եւ ծնողների հարցերին:
«Ես աշխատել եմ Բաղրամյանի անվան դպրոցում եւ 9 ամիսների ընթացքում դպրոցը շենացրել եմ։ Այն, ինչ տեղի է ունեցել մայիսին, ընդամենը շոու էր իմ անձի դեմ։ Ինձ ոչ ոք չի ազատել, ես եմ ազատման դիմում գրել, իսկ ինչ վերաբերում է Բաղրամյանի դպրոցից բացի այլ դպրոցներում տնօրեն աշխատելուն եւ հեռանալուն, նման բան չի եղել, ես ընդամենը մասնակցել եմ մրցույթներին, բայց չեմ անցել, հիմա այստեղ անցել եմ, ես մեղավո՞ր եմ»,– ասաց Ոսկանյանը։
Հանդիպմումը կիսատ թողնելով՝ ծնողներն ու ուսուցիչները դուրս եկան դասասենյակից, Ոսկանյանին հորդորելով ազատման դիմում գրել. «Դիմումը գրեք ու հեռացեք։ 2 օր է ուսուցիչներն այստեղ նստած են, բայց այս երեխաները չեն գալիս, որովհետեւ լավ էլ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Էլ ասելու բան չկա, հեռացեք»։
Շուշանիկ Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում ազատման դիմում գրել. «Դժվարություններ կլինեն, բայց պետք է աշխատեմ, իմ աշխատանքով ինձ կճանաչեն»:
Ուսուցիչներն ու աշակերտների ծնողներն ասացին, որ վաղը դասապրոցես լինելու է, բայց եթե տնօրենը գա, ապա կշարունակեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել:
Հիշեցնենք, որ երեկվանից Վաղարապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում գործադուլ եւ դասադուլ է։ Դպրոցում տնօրենի ընտրություն է անցկացվել։ 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկությամբ 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ Շուշանիկ Ոսկանյանը։
Ուսուցիչների եւ աշակերտների ծնողների հետ հանդիպելու էր եկել Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը։ Նա ներկայացրեց, թե ինչ հիմքով է 1 ձայն պակաս ստացած թեկնածուն նշանակվել տնօրեն եւ հորդորեց չխաթարել դասապրոցեսը. «Հարգելի մանկավարժներ, տարեվերջ է, կիսամյակային գնահատականներ կան, դուք պետք է կիսամյակ փակեք։ Դուք խաթարում եք ուսումնական գործընթացը, որը ոչ մեզ, ոչ ձեզ պատիվ չի բերում։ Դուք խնդիրներ ունեք պարզաբանելու, դասից հետո համեցեք, մենք պատրաստ ենք ձեզ հետ հանդիպել եւ ձեր բոլոր հարցերին պատասխանել։ Աշխատանքային պայմանագիրը կնքում է միայն լիազոր մարմինը՝ ի դեմս մարզպետի։ Արձանագրությունն ուղարկել ենք փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը»։











