Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ոլորտում ներդրումների որոշակի տեսանելի ակտիվություն է նկատվում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ շեյխերն են ուզում Երևանի կենտրոնում հիվանդանոց կառուցել, և եթե տեսնենք, որ չենք կարողանում հարցը լուծել, ստիպված ՀՀ հրապարակի տոնածառի տեղն ենք տալու, որ մեր հարգելի շեյխերը կառուցեն իրենց երազանքների հիվանդանոցը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, 50 տոկոս տեղական փայի խնդիր կա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե իր ընկերները, որոնց թվում է Աբու Դաբիի թագաժառանգն ու «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացել են:











