Ներխուժում «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն։ Անհայտ անձինք տեղեկատվական աղբյուրներ են փնտրել։ «Բացահայտելու ենք քյաբաբ, առ քյաբաբ». վարչապետը պնդել է, թե նախկինները տապալել են մանկատների շրջանավարտների համար բնակարանաշինության ծրագիրը։  Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու. Արմեն Աշոտյանը իշխանությունից քաղաքական պատասխանատվություն է պահանջում մամուլի ճնշումների համար։ «Խոզի գլուխը գորգի վրա չի մնա, կգլորվի կընկնի ցեխը». Փաշինյանը խոսել է նաեւ Հանրային խորհրդի կազմը փոխելու անհրաժեշտության մասին։ Հայաստանի երկրորդ նախագահին բանտախցում պահելու հակամարդկային ձգտումն անհասկանալի է. Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի ավելի քան վաթսուն գործիչ կոչ է արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին։ «Ինքը պետք է սարսափի, որ ես լսելու եմ իր քաղաքական հոգեհայրիկ Սերժ Սարգսյանին». Անդրանիկ Քոչարյան-Ռուբեն Հայրապետյան «փոխհրաձգությունը» շարունակվում է։ Ո՞ր թվականին եւ ո՞ւմ համար է գնվել «Նիսան» ավտոմեքենան. վարչապետական հերթական լայֆն ու մամուլի բացահայտումը։ Աղբամանների մրցույթը հաղթել է քաղաքապետարանի պաշտոնյայի քրոջորդին. Դավիթ Խաժակյանի հերթական բացահայտումը։ Կոնգրեսը սկսել է նախագահի իմփիչմենթի գործընթացը։ Իսկ նրանք տեսե՞լ են իմ վարկանիշները՝ արձագանքել է Դոնալդ Թրամփը։ 

Անցած գիշեր անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրություն: Կատարվածը ակնհայտորեն գողություն չէ, արդեն առավոտյան ասել է օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը։ Ըստ նրա՝ նպատակը վախեցնելն է, լրատվամիջոցին ճնշելը։ Փաստ է, որ ինչ-որ բան են փնտրել, բացված են բոլոր դարակները, իմ աշխատասենյակը տակնուվրա է արված»,-ասել է նա։

Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են ապացուցել, որ կառավարությունը գործում է ընդդեմ ընտանեկան արժեքների, կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ 2003-ից պետությունը պարտավորություն է ունեցել մանկատների շրջանավարտ երեխաներին ապահովել բնակարանով եւ, նրա բնորոշմամբ՝ «ազգային» կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն լուծել այդ հարցը: Մամուլը ենթադրում է, որ Փաշինյանի մեսիջն ուղղված էր սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանին։

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու, Փաշինյանի հանգով արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակմանը, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները», գրել է նա:

Կառավարության նիստում Փաշինյանն ասել է նաեւ, թե որոշ քաղաքական գործիչներ իրեն ասել են՝ իրենց եւ իրենց մտերիմների թալանի կապակցությամբ քրեական գործեր մի հարուցեք, թե չէ կդառնանք արմատական ընդդիմադիր:

Երբ ես ընտրվեցի վարչապետ, պետք է ձեւավորվեր նոր Հանրային խորհուրդ, ասել է Փաշինյանը, ավելացնելով, որ չի միջամտել, սպասելով, որ Հանրային խորհուրդն ինքը նորովի կձեւավորվի։ Վարչապետը հույս է ունեցել, որ մարդիկ կօգտվեն այդ շանսից, բայց շանս տալը ոմանց կողմից էլի ընկալվել է որպես թուլություն:

Կառավարության նիստում Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Ստյոպա Սաֆարյանը, որի թեկնածությունն առաջարկել էր վարչապետը։ Թեեւ մամուլն այս մասին վաղուց էր գրում, սակայն Սաֆարյանը հերքում էր այն՝ նշելով, որ չի ցանկանում այդ պաշտոնը, հիմա էլ պնդել է, որ իր համար անակնկալ էր այս որոշումը։

Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը համարում է, որ Ստյոպա Սաֆարյանի նշանակումը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում ոչ լիովին է համապատասխանում օրենքին։ Ըստ օրենքի, ՀԽ ղեկավարի նշանակումը պետք է տեղի ունենա միայն այն բանից հետո, երբ խորհուրդը լիովին համալրված լինի, մինչդեռ այդպես չէ։

Հայաստանում առողջապահական ոլորտում ներդրումների մասին խոսելիս՝ Նիկոլ Փաշինյանը հեգնանքով անդրադարձել է Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած ու քաղաքապետից հիասթափված հեռացած Դուբայի շեյխերին։

Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի ավելի քան վաթսուն գործիչներ կոչ են արել ազատ արձակել Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ «Անհանգստացնում է չարության եւ թշնամանքի ապակառուցողական մթնոլորտը։ Մեզ անհասկանալի է հակամարդկային ձգտումը՝ բանտախցում պահել Հայաստանի երկրորդ նախագահին։ Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանին որպես պետական գործչի։ Նախագահի այսօրվա վիճակը անբնական է եւ չի նպաստում Հայաստանի դրական կերպարին, երկրում հանրային մթնոլորտի առողջացմանը։ Մենք առաջարկում ենք քայլ անել՝ ուղղված համերաշխության հաստատմանը, եւ հանուն ապագայի։ Մենք խնդրում ենք փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը», գրել են Կարեն Շահնազարովը, Դմիտրի Խառատյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանը, Նունե Եսայանը եւ ուրիշներ։

Նախկին նախագահին բանտում պահելը ճիշտ չի համարում նաեւ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

Դաշնակցական երիտասարդները կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ 15 պատճառ են ներկայացրել, թե ինչու պետք է հրաժարական տա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նրանց խոսքով՝ այդ ոլորտները չունեն ռազմավարություն և հայեցակարգ, Արայիկ Հարությունյանը պաշտոնավարում է առանց հանրության հետ հետադարձ կապի, առանց այլակարծության նկատմամբ հանդուրժողականության։

Երիտասարդ դաշնակցականները նաեւ հայտարարել են, թե «որպես պարտիզաններ որոշել են հանձնել զենքերը»։ «Ազգային ժողովի որոշ դասալիք պատգամավորների և ծերունի ավազակների ասում ենք՝ հանգիստ նստեք տեղներդ։ Չփորձեք ներկայացնել, թե դուք պետականությունը պաշտպանում եք մեզանից։ Այս երկրի պետականության պաշտպանն ու արթուն պահակը մենք ենք», հայտարարել են նրանք։

Կառավարության շենքի դիմաց մի երիտասարդ տղամարդ փորձել է ինքնասպան լինել։ Նա դանակը պարանոցին սպառնացել է, թե ինքնասպան կլինի, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չհանդիպի։ Նրա խոսքով՝ քննիչը իր մորից 20 հազար դոլար կաշառք է պահանջել, որ «իր եղբայրներին բանտ չուղարկի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվով անդրադարձել է երեկվանից քննարկվող՝ իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի համարպետության միջոցներով 2019 թվականի արտադրության «Նիսան» ավտոմեքենա ձեռք բերելու լուրին։ Նա հիշեցրել է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները պետական պահպանության ենթակա անձինք են: Այդ մեքենան իր դստեր համար չի գնված, այլ պետական պահպանության աշխատակիցների համար: Դա նույնն է, որ ասեն՝ Մարիամ Փաշինյանի համար «Կալաշնիկով» ավտոմատներ, զրահաբաճկոններ են ձեռք բերվել,- ասել է նա: 20 րոպեանոց լայֆից հետո, որի ընթացում, ի դեպ, նախկին լրագրող վարչապետը խոսք չի ասել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելու դեպքի վերաբերյալ, Փաշինյանը սոցցանցում գրել է, որ 2019-ի ընթացքում ՊՊԾ-ն որեւէ մեքենա ձեռք չի բերել, այլ անցած տարվա ապրիլին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր։ 168.am-ը կեղծիք է որակել այդ հրապարակումը, եւ վկայակոչելով ՊՊԾ էլեկտրոնային փաստաշրջանառությունը, պնդել է, որ մեքենան ձեռք է բերվել 2018-ի նոյեմբեր-դեկտեմբերին։

Լրագրողների հարցերին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե ինքը սարսափում է, որ վախկոտ Անդրանիկ Քոչարյանը ապրիլյան հանձնաժողովում հարցաքննելու է պատերազմի հերոս գեներալներին։

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը շարունակում է իր բացահայտումները։ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ նա խոսել է քաղաքապետարանի գնումների գործընթացում հայտնաբերած կոռուպցիոն ռիսկի մասին։ Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը աղբամանների համար հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչել իր քրոջ որդուն պատկանող ընկերությանը։

Միջազգային լրահոսի առաջին տողում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն է՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի օգտին երկու հոդվածով՝ «լիազորությունների գերազանցում» եւ «Կոնգրեսին խոչընդոտում»: Դեմոկրատների խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել իմփիչմենթին, հանրապետականները՝ դեմ: Հիմա գործի քննությամբ զբաղվելու է Սենատը, որը պետք է Թրամփի դեմ դատավարության վարի:

Դոնալդ Թրամփը Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած իմփիչմենթի ընթացակարգը անվանել է նրանց քաղաքական ինքնասպանություն։ «Դուք տեսե՞լ եք իմ վարկանիշները...»,- հարցրել է նա Միչիգանի հանրահավաքում։ Դեմոկրատները համարում են, որ Թրամփը ձգձգել է ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային՝ փոխարենը պահանջելով նախագահ Վլադիմիր Զելենսկուց քաղաքական ծառայություն՝ Թրամփի ընդդիմախոս Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու տեսքով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով եւ կազմել 477.89 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.54 դրամով ու հասել 532.23 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 0.22 դրամով ու կազմել 626.37 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է փոխվել ու կազմել է 7.65 դրամ։

Հայաստանում դեկտեմբերի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Տեղումներ չեն լինի նաեւ Երեւանում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0+2, վաղը ցերեկը՝ +12+14: