Եթե վարչապետն ասում է, որ ամբողջ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը, դա վերաբերում է ամբողջ Հայաստանին եւ Արարատի մարզը բացառություն չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մենք այստեղ իդեալական մաքրություն դեռեւս չենք արել, ունենք դիմադրող օջախներ, կան պետական համակարգում աշխատողներ, որոնք նախկինում աշխատել են ոչ թե աշխատավարձ ստանալու, այլ իրենց դիրքն օգտագործելու եւ տարբեր մեխանիզմներով հավելյալ եկամուտներ ստանալու համար: Եթե այդպիսի մարդկանց հայտնաբերում ենք, եթե փոքր է մեղքը, նրա հետ փորձում ենք խոսել, բռնել այդ ձեռքը, կամ առաջարկում ենք չաշխատել մեզ հետ: Իսկ եթե մեղքը մեծ է, մենք դիմում ենք իրավապահ մարմիններին»,-ասաց մարզպետը:

Նրա խոսքով, եթե իրենք աչք փակեին եղածի վրա եւ փորձեին աշխատել նախկինի պես, իրենք չէին կարող շարունակել աշխատել. «Ես առաջինն իմ մասին եմ ասում: Նախորդ տարի հեղափոխություն արած մեր ժողովուրդը մեզ ճիշտ չր հասկանա: Նախկինի գործելաոճը նոր Հայաստանում տեղ չունի»:

Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ պարգեւատրումների թեմային. «Արարատի մարզպետարանին 2019-ի բյուջեով տրվել է 86 մլն պարգեւատրման ֆոնդ: 30 տոկոսով պարգեւատրվել են բոլոր աշխատակիցները: Եղել են աշխատակիցներ, որ պարգեւատրվել են ավելի բարձր եւ ստացել են իրենց կատարած աշխատանքին համարժեք պարգեւատրումներ: Մենք այսօր ունենք հավելյալ միջոցներ եւ կարող ենք 13-րդ, 14-րդ աշխատավարձ ասվածը տրամադրել: Ես ցանկանում էի իմանալ, թե մեր աշխատակիցներն իրենք ինչպես են գնահատում իրենց իսկ աշխատանքը: Ես նկատեցի, որ համեստ, գլուխները կախ աշխատողները իրենց ավելի ցածր գնահատական էին նշանակել, քան մեր այն աշխատակիցները, որոնք իմ սուբյեկտիվ կարծիքով այնքան էլ սրտացավ չեն»: