Երկուշաբթի կլինի կուսակցության կառավարման խորհրդի նիստ եւ որոշումը կհապարակվի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին,  լրագրողների հետռ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանուից իրեն հետ կանչելու խնդրին:

«Ես կարծում եմ` այս հարցի շուրջ իմ եւ կուսակցության կարծիքը եղել է նույնական  եւ երկուշաբթի օրը կոնսենսուսային որոշում կկայացվի: Պետք է քաղաքային խնդիրները շարունակվեն բարձրաձայնվել  եւ ես այս մասով ունեմ իմ կուսակցության ամբողջական սատարումը, իսկ դրա  ֆորմատը կորոշվի երկուշաբթի օրը»,-ասաց նա:

Խաժակյանը նաեւ նշեց, որ իրենք մշտապես խմբակցությունում քննարկում են միմյանց ելույթները, դրանց  արձագանքները եւ իրենց մոտ ընդհանրական է այն, որ անձնական ձեւակերպումներից պետք է զերծ մնալ:

Հարցին, թե Թեհմինա Վարդանյանի վերջին ելույթը արդյոք գնահատո՞ւմ է անձնական, Խաժակյանը դրական պատասխան տվեց. «Ես դա գնահատել եմ որպես անձնական եւ տիկին Վարդանյանին այդ մասին ասել եմ: Տիկին Վարդանյանի վրդովմունքը այնքան շատ էր, որ նա համարում էր, որ դա համարժեք պատասխան էր, պարզապես հանրությունը պետք է իմանա, որ դա յուրովի մոտեցում է, մեր մոտեցումը այլ է»:

Նշենք, որ օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: