Մեզ մեղադրում են միշտ ավելի շատ փակ լինելու մեջ, ավելի շատ բաց լինելու, ավելի շատ մարդ ներգրավելու իմաստով. երեւի ամենամեծ սխալը դա է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստանում» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Հիմա ծայրից ծայր թափ ենք տալիս, մարզային ստորաբաժանումները, հանձնաժողովները վերանայում ենք, թարմացնում ենք: Հիմա երբ բոլորս ենք զգում, որ խնդիր ունենք, անպայման կշտկենք»,-ասաց նա:
Հարցին, թե սխալ չէ՞ր հեղափոխությանը չմասնակցելը, նա պատասխանեց, որ դա սխալ ձեւակերպում է. «Յուրաքանչյուր մարդ իր ձեւով է մասնակցել հեղափոխությանը: Ես ասեմ, որ եթե դա ազդեր մեր լինելության խնդրի վրա, մենք չէինք լինի: Շատերը, երբ մենք «Իմ քայլի» հետ միասին չմասնակցեցինք ընտրություններին, «Իմ քայլը» առաջարկել էր 30 տոկոս մասնակցություն ունենալ իրենց հետ: Որոշում եղավ, որ գնում ենք առանձին-առանձին: Այդ ժամանակ բոլորը գուժում էին «Լուսավոր Հայաստանի» ավարտը, բայց այսօր ԼՀԿ-ն Հայաստանի երրորդ ուժն է: Պատասխանը դա է: Քաղաքացիները տեսել են բոլորի ներդրում եւ եթե քաղաքացիները տեսել են մեր ներդրումը այնքան, որքան հիմա կա, փառք Աստծո, էլի լավ ա:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» վարկանիշին, Մարուքյանն ասաց, որ ինքը սոցիոլոգիային անվերապահ չի հավատում. «Երկու օր առաջ տվել էին 6 տոկոս, այսօր 3,9 տոկոս: Բայց ինչպես նախկինում, հիմա էլ «Լուսավոր Հայաստանը» Հայաստանի երրորդ ուժն է»:











