Առանց որակյալ ընդդիմության, Հայաստանի ապագան անորոշ է եւ առկախված: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Այս տեսանկյունից մենք՝ որպես հասուն հանրույթ, պետք է դուրս գանք հեղափոխական հռետորաբանությունից, մոռացության եւ տոտալ անտարբերության մատնենք ընդդմիադիր եզրույթը պղծող քաղաքական հանցագործներին ու լծվենք պետականաշինության գործին: Եթե այսօր իրական ընդդիմությունը ձախողվի, ապա վստահ ասում եմ՝ կձախողվի նաեւ հեղափոխությունը, որովհետեւ քաղաքական համակարգը կմոնոպոլիզացվի, ինչի հետեւանքով օրվա իշխանությունը կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի, իսկ մրցակցությունից դուրս գալով՝ այսօրվա կառավարությունը Փաշինյանի գլխավորությամբ մոնոպոլ իշխանությունը աստիճանաբար կարժեզրկի, որի արդյունքում կարժեզրկվի ամբողջ հեղափոխությունը, փոփոխությունները, մարդկանց ակնկալիքները»,- ընդգծեց Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարը հավելեց, որ մրցակցությունից դուրս գտնվող այլընտրանքներ եւ կոշտ վերահսկողություն չունեցող իշխանությունը դատապարտված է իրականությունից կտրվելուն, որի վերջնական հետեւանքը ավտորիտարիզմի անխուսափելի հաստատումն է. «Սա մենք տեսել ենք եւ չենք ուզում այլեւս տեսնել Հայաստանում»:











