Չեմ կարող ասել, թե ինչ ազդակներն են բերել նրան, որ վարչապետը հայտարարել է, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ես վարչապետի հետ համակարծիք եմ, որ պետական համակարգում կա ընդգծված բյուրոկրատական, թղթաբանական ծանր փուլ, որը հաղթահարելը  ֆիզիկապես բավականին ծանր է: Ես չգիտեմ, թե ինչի համար է դա ստեղծվել: Քանի որ խոստացել էինք, որ կադրային ջարդ չենք անելու, միջին օղակների կադրային ջարդ չենք արել: Մենք դա փորձում ենք մեր նախարարությունում իրագործել, ես հասնելու եմ նրան, որ բովանդակային առումով այն, ինչ ակնկալում են ղեկավարները, ստորին օղակի աշխատակիցները դա ապահովեն: Խոսքը վերաբերում է նրան, որ սովորւթային իրավունքով, գլխացավանքից ազատվելու համար ասել են՝ առարկություններ չկան: Նմանատիպ պատասխանը որեւէ ստորաբաժանման կողմից իմ մոտ նյարդային սթրես է առաջացնում: Ես չեմ բացառում, որ նույնը առաջացնում է վարչապետի մոտ: Այո, կա խնդիր դրա մեջ: Մենք ունենք պրոցես, որ 2-3 անգամ արագանալու խնդիր ունի»,-հայտարարեց Պապիկյանը՝ հավելելով, որ դրա մի մասը կարողացել են հաղթահարել, չեզոքացնել:

«Մենք ունենք կաղող օղակներ, եւ մեր պարգեւատրումները բաշխվելու են այդ ամենը հաշվի առնելով: Թող ոչ ոք չդժգոհի, որ մեկն ավելի բարձր է ստանում, քան ինքը: Լավ աշխատիր, ստացիր ավելի բարձր»,-ասաց Պապիկյանը: