Այս տարվա ընթացքում արցախյան հակամարտության խաղաղ գործընթացի արդյունքները համեստ են, սակայն արձանագրվել են երկու կարեւոր պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են խաղաղության հաստատման համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը եւ բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Հայաստանի եւ Արցախի անվտանգություն խորհուրդների համատեղ նիստում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այս պայմանավորվածություններն ունեցել են երկու գործնական արդյունք. չնայած հրադադարի պարբերական խախտումներին՝ ընդհանուր առմամբ հաջողվել է խուսափել ռազմական սրացումներից եւ իրավիճակը պահել վերահսկելի բոլոր կողմերի համար: Այսուհանդերձ, հրադադարի խախտումները շարունակում են հանգեցնել մարդկային կորուստների, վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը եւ վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը:

Օրինակ, անցած շաբաթ Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանային ճանապարհների եւ բնակավայրերի գնդակոծումը, որը տեղի ունեցավ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների՝ դեկտեմբերի 6-ի Բրատիսլավայի հայտարարությունից հետո, եւ ահա այդ միջադեպը չի նպաստում խաղաղ գործընթացի ծավալմանը:

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով:

Նույնքան կարեւոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը: Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով, որոնք ունակ եղան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջոցով միմյանց հետ համաձայնեցնել եւ իրականացնել մեկ ընդհանուր գործ:

Այս փաստն ինքնին ողջունելի է՝ եթե մեր ժողովուրդներն ունակ չլինեն շփվելու իրար հետ ուղղակիորեն, ոչ մի ուժ չի կարող մեզ հաշտեցնել: Կարեւոր է, որպեսզի ադրբեջանցի լրագրողներն այցելեն Հայաստան եւ Արցախ, իսկ հայաստանցի եւ արցախցի լրագրողները լինեն Ադրբեջանում եւ ի վերջո կարողանան աշխատել իրար հետ:

Տարբեր առիթներով ես այս տարվա ընթացքում մատնանշել եմ, որ առանց Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի ակտիվ ներգրավման եւ համաձայնության հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության եւ հաշտեցման: Հուսանք, որ այս ծրագիրը սկզիբ կդառնա ժողովուրդների խաղաղության նախապատրաստման եւ հաշտեցման համար:

Հաջորդը՝ մեր անդրանիկ համատեղ նիստի ժամանակ իմ կողմից հնչեց հարցադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող մադրիդյան երեք սկզբունքների եւ 6 տարրերի՝ որպես բանակցային գործընթացի հիմքի պարզաբանման վերաբերյալ: Այս տարվա ընթացքում մենք ունեցել ենք այս հարցադրման երկու տարբեր մեկնաբանություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի կողմից:

Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը: Արդյոք առաջարկվող սկզբունքները եւ տարրերը հնարավորություն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի եւ զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները եւ տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը:

Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն իհարկե լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ: Այսուհանդերձ Հայաստանը եւ Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է շարժվել երկիմաստությունց դեպի միասնական ընկալման ձեւավորում:

Տարվա ընթացքում մենք հստակեցրել ենք մեր դիրքորոշումները, վերջին անգամ Բրատիսլավայում՝ դեկտեմբերի 5-ին: Եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրականացումը, ապա հարաբերական է դառնում երրորդ սկզբունքը եւ ի վերջո շարունակում է գոյատեւել այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք:

Հայաստանի եւ Արցախի՝ միասնական հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր եւ սցենար: Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները եւ կարիքները՝ փակուղային է եւ այդ մոտեցման հետեւանքով է, որ չնայած հայկական կողմի եւ համանախագահների ջանքերին՝ վերջին 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը:

Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախեւառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլեւ բովանդակությամբ: Բայց հարկ եմ համարում նաեւ նշել, որ 1986-87 թվականների ստատու քվոյին կամ դրա որեւէ մոդեֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են եւ չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից: