Այս պահին ոչինչ չենք կարող ասել, կգնանք մեր դպրոց եւ համայնքով կորոշենք մեր հետագա քայլերը: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ հանդիպմանը ներկա եղած` Զվարթնոց համայնքի բնակիչներից մեկը, որը եւս դեմ է Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիի Ոսկանյանին։

Մյուս բոլոր անդամները, որոնք ներկա են եղել հանդիպմանը, խուսափեցին պատասխանել մեր հարցերին, թե արդյոք մարզպետի հետ հանդիպումից գոհ են:

Մարզպետարանում սպասող աշակերտների ծնողներն էլ նշեցին, որ իրենց տեղեկություններով՝ մարզպետը հորդորել է երկուշաբթի նորմալ կազմակերպել դասապրոցեսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում դասադուլը շարունակվում է: Ուսուցիչներն աշխատանքի են գնում, սակայն աշակերտների ծնողները հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանել, քանի դեռ նորանշանակ տնօրենը հրաժարական չի տվել: Ավելի ուշ Արմավիրի մարզպետարանից տեղեկացրել են, որ խումբ կազմեն եւ հանդիպեն մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ դեկտեմբերին, ուսուցիչները, աշակերտների ծնողներն ու Զվարթնոց համայնքի բնակիչները հանդիպեցին Արմավիրի մարզպետի հետ, սակայն իրենց խոսքով դժգոհ էին այդ հանդիպումից, որից հետո նույն կազմը եկավ Կառավարություն եւ հանդիպեցին Կառավարության նամակների վարչության պետի հետ: Նրանց խոսքով՝ իրենց խոստացել էին 2 օրվա ընթացքում պատասխանել, սակայն մինչև օրս որեւէ արձագանք չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատի Գարեհին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում նախորդ տարվա վերջին դասադուլ եւ գործադուլ էր։ Պատճառը դպրոցում հայտարարված տնօրենի մրցույթն էր, որին 2 թեկնածու էր մասնակցում։ Նրանցից Եսթեր Գալստյանը՝ նախկին տնօրենը, հավաքել էր 4 ձայն, իսկ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն անհրաժեշտ էր 5 ձայն։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ եւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի որոշումով տնօրեն է նշանակվել 3 ձայն հավաքած թեքնածուն։

Նշենք նաեւ, որ նորանշանակ տնօրենը կասկածներր ունի, որ իր դեմ սկսված արշավը մի քանի հոգու կողմից է ղեկավարվում, որպեսզի տնօրեն դառնա դպրոցի քիմիայի ուսուցչուհին, որի ամուսինը, ըստ Ոսկանյանի, ակտիվորեն մասնակցում է բողոքի ակցիաներին եւ ղեկավարում դրանք, սակայն վերջինս NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ դա իրականությանը չի պատասխանում։