Ներկայումս Քրեական օրենսգիրքը, ցավոք սրտի, այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, եւ այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա´մ հասարակական, պետական անվտանգությունը, կա´մ մարդու սահմանադրական իրավունքները: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Դիանա Հարությունյան» ֆեյքի կողմից արված գրառումներին եւ նրա բացահայտմանը:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Նախ նշեմ, որ ԱԱԾ-ն ո´չ այդպիսի գործառույթ ունի, ո´չ լիազորություն, առավել եւս պարտականություն չունի: Երկրորդ, ընդունենք, որ հայտնաբերեցին այդ կեղծ օգտատիրոջը, ի՞նչ պետք է անեն, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են շատ վատ խնդրի առջեւ, քանի որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք, որը քիչ թե շատ առերեւույթ վերաբերելի է նրան, սակայն, ըստ էության, չի պարունակում այդ նորմը»,-ասաց նա եւ հավելեց, որ հիմա չկա որեւէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի:
«226-րդ հոդվածն է առաջադրված, որը կրոնական մոլեռանդության կամ ազգայնամոլության կամ ռասիզմի հոդվածն է: «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ ցուցմունքից պարզ դարձավ, որ նա ունի կոնկրեը ընդդիմադիր նպատակներ: Սա այն հանցակազմն է, որ շատ դժվար ապացուցելի է, եւ եթե չլինի ինքնախոստովանական ցուցմունք, գրեթե անհնար է ապացուցել, որ անձի գործողություններն ուղղված են հենց այդ նպատակներին: Որքան ինձ է հայտնի, նա ունի շատ փորձառու պաշտպան եւ կարծում եմ, որ ի վերջո այդ գործով ունենալու ենք արդարացման դատական ակտ, քանի որ չունենք նորմ, որ կարգավորի այդ հարաբերությունները: Իմ կարծիքով՝ փաստ է, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է»,-ասաց փաստաբանը:











