Եթե անասունների մորթը սպանդանոցներում կազմակերպվելու որոշումը կյանքի կոչվեց, ապա միսը էսօրվա գնից հազար դրամով թանկանալու է. մսին կակա եք ասելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, Արարատի մարզպետարանի դիմաց հայտարարեցին մսավաճառները, որոնք բողոքում են օրենքի դրույթի դեմ, որով պարտադիր է դառնում անասունների մորթը կազմակերպել միայն սպանդանոցներում:
«Քանի մսի գներն այսքանն է ու գյուղացին էլ զոռով պահում է գինը, դուք էլ կարողանում եք առնել, ուրեմն օգնեք գյուղացուն։ Տներից մի նստեք ու գյուղացիներին անուն դրեք։ Գյուղացին բնամթերք արտադրողն է, 3 օր գյուղմթերք չլինի քաղաքում սոված կմնաք։ Եթե սպանդանոցներն առաջ եկան ու գյուղացին արանքից թռավ, սպանդանոցներն իրենց մեծ ֆերմաները սարքեցին, ապա մսի գինը թռցնելու են ու հասցնեն նենց գին, որ ժողովրդի 90տոկոսը չի կարողանալու միս առնի ուտի»։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա անասունի՝ սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Երեկ ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ արեցին, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։











