Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցով սպասվում է ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, որովհետեւ նման հարցերը չի կարելի լուծել միաձնյա կամ 2-3 հոգով. դա մեր գործելակերպին բնորոշ չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով, անգամ շատ ավելի մեղմ հնչեղության հարցերի դեպում ԲՀԿ կուսակցության ղեկավարը նախ լսում է կուսակցության անդամների կարծիքը, նոր միայն հայտնում իր կարծիքը. «Մենք որոշել ենք հրավիրել քաղաքական խորհրդի նիստ, որտեղ հնարավորություն կունենան արտահայտվել ոչ միայն պատգամավորները, այլեւ ԲՀԿ անդամները, տարածքային կառույցների ներկայացուցիչները: Պետք է բոլորի կարծիքը լսել, նոր վերջում կկայացվի որոշում:

Այո, ես դեմ եմ արտահայտվել հանարքվեին, ես մասնագիտությամբ իրավաբան եմ եւ իրավական առումով ես ինչ ասել եմ, հիմա էլ եմ մնում իմ կարծիքին, որ այդ գործընթացն սկսվել եւ ընթանում է ՀՀ գործող օրենսդրության մի շարք խախտումներով»,-ասաց գեւորգ Պետրոսյանը:

Նա չհամաձայնեց, որ ինքն այս հարցում հակադրվել է ԲՀԿ-ին. «Ես միշտ էլ ունեցել եմ իմ անձնական կարծիքը, բայց այդ կարծիքը չեմ ասել ինքնահաստատվելու համար: Բնական է, որ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ եւ նրա որոշումներն ինձ համար պարտադիր են, բայց սա այն հարցը չի, որ պետք է խմբակցությունը որոշի: Ի վերջո, պատմություն է կերտվում, մենք վաղը մեր կուսակցության գործունեության համար սերունդներին պատասխան ունենք տալու:

Եթե խոսքը վերաբերում է իմ անձնական քվեարկությանը, ես այս դեպքում ոչ թե որպես պատգամավոր եմ մտնում տեղամաս, այլ որպես քաղաքացի իմ համոզմունքով: Բայց եթե խմբակցությունը որոշում է կայացնում, բնականաբար, մենք պարտավոր ենք հարգել ընդունել այդ որոշումը: Եթե մարդը չի ընդունում խմբակցության որոշումը, ուրեմն պետք է հեռանա խմբակցությունից: Նման բան չի եղել, որ իմ եւ խմբակցության միջեւ տարաձայնություններ լինեն»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե եթե ՍԴ դատավորները հանրաքվեի արդյունքում զրկվեն իրենց աշխատանքից եւ դիմեն ՄԻԵԴ, որքան են նրանց շանսերը, որ կհաղթեն, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց, որ շանսերը մեծ են. «Տեսեք, ԵԽԽՎ Հայաստանի հարցով երկու համազեկուցողները հենց այն պահին, երբ նախագիծը ԱԺ-ում քննարկվում էր, դեռ չէր ընդունվել, հորդորեցին ՀՀ իշխանություններին նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Մեր պատգամավոր Միքայել Մելքումյանը էլ կոչ արեց առկախել քննարկումը եւ նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով: Իրենք դա հաշվի չառան, հիմա ոնց կարող է այս հանգամանքն անհետեւանք մնալ»: