Թե ինչ ուղղությամբ պետք է ընթանան սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի աշխատանքները, դա պետք է ասի այդ փոփոխությունները նախաձեռնող ուժը: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Մենք միշտ ասել ենք, որ ընդհանրապես, դասական վիճակն այնպիսին է, որ սահմանադրական փոփոխություններից առաջ նախաձեռնող սուբյեկտը պարտավոր է հայեցակարգ հանձնել հանրության դատին: Պետք է հայեցակարգ ունենան, որ ժողովուրդն իմանա, թե ինչ ուղղությամբ են տանում պետությունը: Այս պահի դրությամբ, քանի որ հայեցակարգ չեն ներկայացրել, ես չեմ կարող ասել, թե ուր են մեզ տանելու այդ փոփոխությունները, ինչ տեսլական ունի նախաձեռնող սուբյեկտը: Կլինեն առաջին 1-2 նիստերի քննարկման նյութերը, ես ինքս կկազմեմ իմ կարծիքը, որից հետո կհասկանանք, թե ուր են ուզում մեզ տանել: Դրանից հետո կուսակցությունն իր դիրքորոշումը կունենա»,-ասաց նա:
Գեւորգ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ սուպերվարչապետական համակարգին՝ նշելով. «Քանի իշխանություն չէին, անընդհատ թմբկահարում էին, որ սուպերվարչապետությանը պետք է վերջ տրվի, հիմա կարծես թե, հարմարվել են այդ վիճակին, այդ ռեժիմին, եւ որեւէ մեկը իշխանությունից չի խոսում, որ եկեք սուպերվարչապետական համակարգը փոխենք:
Եթե կա այդպիսի նպատակ, թող հիմա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում դա դնեն:
Նա նկատեց, որ համաձայն չէ, թե ՀՀ նախագահն իբր քիչ լիազորություններ ունի. «Սահմանադրության պահպանությանը հետեւելը ՀՀ նախագահի բացառիկ իրավասությունն է: Ոմանք Սահմանադրության պահպանությանը հետեւելը պատկերացնում են գնա կանգնի վարագույրի հետեւելը, վարագույրը քաշի, տեսնի՝ փողոցում ինչ է կատարվում: Սահմանադրության պահպանությանը հետեւելը այն է, որ նախագահը կարող է այն բոլոր դեպքերում, երբ ինքը գտնում է, որ կառավարության, վարչապետի, Ազգային ժողովի, որեւէ պաշտոնատար անձի կամ սահմանադրական որեւէ մարմնի գործողություններն ու որոշումները ակնհայտորեն հակադրվում են Սահմանադրությանը, ինքն այստեղ անելիք ունի: Արձագանքելու հարյուրավոր միջոցներ կան, ոչ թե ասի՝ այս արտահայտությունն անորոշ է, ոչ մի բան չենք կարող անել:
Սա այն դեպքն է, որ եթե մարդը ուզում է մի բան անել, որոնում է ուղիներ, իսկ եթե չի ուզում անել, որոնում է պատճառաբանություններ: Հիմա գործող նախագահը դրանով է զբաղված»:











