Վազգեն Սարգսյանը կարողացավ այդ անհատականություններին ամբողջականացնել, ձեւավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց, ու իքը շատ դիպուկ է բնորոշել, որ այս պատերազմին տվեցի ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ՀՀ վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։
Հարցին՝ արդյո՞ք մենք հիմա ապրում ենք այն Հայաստանում, որը երազում էր Վազգեն Սարգսյանը, Արամ Սարգսյանը պատասխանեց.
«Այն Հայաստանը, որը կուզենար Վազգեն Սարգսյանը, պիտի լուծված լիներ Արցախի հարցը ու պիտի լուծված լիներ հայանպաստ, որովհետեւ Վազգենն իր կյանքն ու գործունեությունը նվիրեց Արցախի խնդրին։ Նա զինվոր էր մինչեւ 1998 թվականի վերջը, դրանից հետո նոր դարձավ քաղաքական։ Վազգենին իր կենդանության ժամանակ որեւէ մեկը սպարապետ չէր կոչում ու չէր էլ կարող կոչել, որովհետեւ ինքը թույլ չէր տա, համեստ մարդ էր։ Պատերազմ անցած տղաներից որեւէ մեկից իրեն չէր գերագնահատում։ Համարում էր, որ իրենցից յուրաքանչյուրը, ով իր կյանքը տվեց Արցախյան ազատամարտին ով ողջ մնաց կամ վիրավորվեց, ամենակարեւորն էր այդ պատերազմում ու յուրաքանչյուրի բացակայությունը չէր բերի այն հաղթանակը, ինչը կարող էր բերել։ Ինքը կարողացավ այդ անհատականություններին ամբողջականացնել, ձեւավորել բանակ, որն էլ հաղթանակ բերեց, ու ինքը շատ դիպուկ է բնորոշել, որ այս պատերազմին տվեցի ինչ կարող էի ու ձեռք բերեցի հպարտություն։ Վազգենը հայ պատմության, հայ իրականության մեջ շատ մեծ ներդրում ունեցող մարդ է, սերունդներն ու ժամանակը պիտի գնահատեն իրեն, իսկ մենք՝ բոլորս, պիտի աշխատենք ոչ միայն Վազգենի այլ նաեւ «Եռաբլուրում» եղած տղաների, Վազգենի այն ընկերների, ում յուրաքանչյուրի լումայի արդյունքում ունենք այն, որ Ադրբեջանն ասում է՝ ես իմ տարածքների 20 տոկոսն եմ կորցրել, հայերն ագրեսոր են, փորձում է մեզ աշխարհի աչքին 700 տարի հետո որպես ագրեսոր ներկայացնել. այդ ձեռքբերումն այս տղաների կյանքի գնով, Վազգենի չարչարանքով, քաղաքական ճանապարհով, դիվանագիտական ճանապարհով ամրացնելը եղավ»։
Արամ Սարգսյանը սպարապետի ծննդյան օրերից մի դրված հիշեց. «Նա ծնունդներ չէր սիրում եւ չէր սիրում, որ կենացներն են ասում, առավել եւս չէր սիրում, երբ իր կենացն էին խմում։ Հենց մեկը բաժակ բարձրացնում էր, ասում էր՝ վերջացրու, անցի առաջ կամ էլ երգում էր»։











