Սպարապետ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Գագիկ Ջհանգիրյանին հրավիրել են Զինվորական դատախազությունում աշխատանքի։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, սպարապետ Վազգեն Սարգսյանի 61-ամյակի առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին Զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

«Հոգեբանորեն պատրաստ չէի։ Նա շատ համառ պնդեց եւ ասաց, որ բանակում կարգ ու կանոն հաստատելու ժամանակը եկել է եւ հետպատերազմյան այդ ոգեւորությունը երբեմն վատ միջադեպերի է հանգեցնում եւ պետք է բանակում սպա, շարքային, հրամանատար, բոլորը զգան, որ օրենքի առաջ պատասխան տալու ժամանակն է եւ քո օգնությունն ինձ անհրաժեշտ է։ Վազգենին ընդհանրապես շատ դժվար էր մերժելը՝ ցանկացած հարցում։ Վազգենը, եթե մի բան մտքին դնում էր, հասնում էր իր նպատակին»,-  ասաց Ջհանգիրյանը եւ հավելեց, որ Վազգեն Սարգսյանը ոգեղեն մարդ էր, չգիտեր փողի արժեքը, հարաբերություններում կարեւորը հավատն ու վստահությունն էր։

Ջհանգիրյանը Վազգեն Սարգսյանի հետ կապված հիշողություններ ներկայացրեց.

«Վազգենը նոր ընտրվել էր վարչապետ, ես հրաժարվեցի գնալ փոխվարչապետ, մենք մի քիչ նեղացանք իրարից։ Ես մնացի Զինվորական դատախազի պաշտոնում։ Հետո, իհարկե, մեր հարաբերությունները կարգավորվեց։ Երկու-երեք կառավարության նիստ էր անցել, այդ նորանշանակ նախարարներն ինձ զանգում են՝ էս ոնց եք աշխատել, պարոն Ջհանգիրյան, մի հատ բացատրի՝ մինչեւ 10-11 Կառավարությունում ենք, չենք կարողանում դուրս գանք, առավոտվա 9-ին էլ ասում է՝ հանձնարարություններն արե՞լ եք երեկվա։

Վազգենն այդպես պահանջկոտ էր, շաբաթ կիրակի գոյություն չուներ։ Եթե գործ կար, ուրեմն այդ գործը պետք է արվեր շտապ, որակով եւ զեկուցվեր այդ մասին»։

Անդրադառնալով սպարապետի ամուսնանալուն, Ջհանգիրյանն ասաց, որ Վազգեն Սարգսյանի հարազատները սպարապետին համոզելու գործում իրեն նույնպես ներգարվել էին. «Հարազատները մի օր էլ ինձ ներգրավեցին այդ համոզելու աշխատանքներին։ Առիթ եղավ, ասացի՝ արդեն պետական պաշտոնյա ես, ժամանակն է, որ արդեն ամուսնանաս, էլ չի լինի, տեղ ես գնում, պատվիրակություն ես ներկայացնում, ինչին ի պատասխան ասեց՝ Ջհանգիրյան, ուզում ես մի երիտասարդ աղջիկ դժբախտանա»։