Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ 2 հոդվածով՝ համայնքի ղեկավարի անգործություն: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Աբովյանի քաղաքապետ Վահագն գեւորգյանը՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին:

Նշենք, որ զրույցը տեղի էր ունենում հենց շինհրապարակի տարածքում, որտեղ տասնյակ բազմաբնակարան շենքեր են կառուցվում:

«Մեղադրանքում նշվում է, որ համայնքի ղեկավարն անգործություն է ցուցաբերել եւ համայնքային հողերի, նաեւ մասնավոր հողերի վրա կատարվել է ինքնակամ կառուցապատում: Այստեղ կառուցվում էին 19 բազմաբնակարան շենքեր: Միանգամից ասեմ, որ այս հողատարածքները, որ կան սրանից 20 տարի առաջ աճուրդային կարգով հատկացումներ է եղել տարբեր բնակիչների: «Մուլտի գրուպ» կոնցեռնը կանխիկ գումարով, փոխանցումով ձեռք է բերել այս տարածքները եւ դիմել քաղաքապետարան՝ բնակելի շենքերի կառուցապատում իրականացնելու համար: Դա մենք ողջունեցինք, որովհետեւ 30 տարում Աբովյանում նման շինարարություն չէր եղել:

Հիմա, ո՞րն է եղել պաշտոնատար անձի անգործությունը. Համայնքի ղեկավարը ես էի, ես պետք է կասեցնեի կամ քանդման որոշում կայացնեի: Ես ասեմ, մենք երկու անգամ վարչական տույժի ենք ենթարկել կառուցապատողին. Մի դեպքում՝ շինաշխատանքներն իր հողում առանց թույլտվության կատարելու համար, մյուս դեպքում՝ համայնքային հող դուրս գալու համար»,-ասաց քաղաքապետը:

Նա վիճարկելի համարեց համայնքային հող դուրս գալը, որովհետեւ կատարվում են գեոդոզիական աշխատանքներ, հարուցված է քրեական գործ, փորձաքննություն է իրականացվում եւ ամեն ինչ շուտով կպարզվի:

«Մեղադրանքի մեջ նաեւ գրված է, որ համայնքի ղեկավարի կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռնի նկատմամբ վարչական տույժ կիրառելը կրել է ձեւական բնույթ: Եթե կլինի ՀՀ-ում մի իրավաբան, որը կհիմնավորի, թե ինչ է նշանակում վարչական տույժի ձեւական բնույթը, ես ուղղակի չեմ հասկանում: Հիմա կարող է ինչ-որ ժամանակ անց պարզվի, որ քննչական մարմինների կողմից քրեական գործի հարուցումը կրել է ձեւական բնույթ»,-ընդգծեց վահագն գեւորգյանը:

Քաղաքապետն ասաց, որ մի դեպքում՝ տուգանքը կազմել է 200 հազար դրամ, մյուս դեպքում՝ 400 հազար դրամ:

«Հիմա տեւական ժամանակ է՝ կասեցված է շինարարությունը:  Առաջադրված հոդվածը երկու բաղադրիչ ունի. մի դեպքում՝ պետք է համայնքի ղեկավարի կողմից լինի դիտավորություն: Եկեք դիտավորությունը բացառենք, որովհետեւ մեր կողմից երկու անգամ տույժի կիրառում է եղել եւ կասեցրել ենք շինարարությունը:

Եվ որ շատ ավելի կարեւոր է, պետք է լինի համայնքին տված վնաս: Եթե մի պահ վերցնենք, որ սրանք իսկապես ինքնակամ կառուցված շենք-շինություններ են: Նման դեպքում համայնքի ղեկավարը կամ պետք է դիմի դատարան, որ դատարանի որոշմամբ քանդվեն շենքերը, կամ պետք  է ինքնակամի օրինականացում տա: Մեռնք որոշեցինք չքանդել, որովհետեւ ծրագիրը լավն է, մենք ինքներս ենք խրախուսել նման ծրագրի իրականացումը Աբովյանում:

Վնաս, ըստ էության, չկա, որովհետեւ «Մուլտի գրուպը» դեռ անցած տարի դիմել էր համայնքապետարան, որ եթե նույնիսկ ունեն կադաստրային շեղումներ, եթե նույնիսկ այս շենքերից ոմանք կճանաչվեն ինքնակամ շինություններ, «Մուլտի գրուպ»-ը պատրաստակամություն էր հայտնել դրա համար տույժ, տուգանքները վճարել եւ շենքերը օրինականացնել: Եթե ընկերությունը չհամաձայնի վճարել տուգանքները, մենք օրենքով այս շենքերը ստանում ենք որպես համայնքային սեփականություն: Այսինքն երկու դեպքում էլ վնաս չունենք»,-ընդգծեց քաղաքապետը:

Նա հավելեց, որ այժմ «Մուլտի գրուպ»-ի դիմել է քաղաքապետարան՝ ինքնակամով կառուցված շենքերը օրինականացնելու համար, իսկ չափագրման աշխատանքներից հետո կընթանա օրինականացման գործընթացը:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ նախնական հաշվարկներով «Մուլտի գրուպը» զավթել է մոտ 2 հազար քմ տարածք: