ՀՅԴ-ն որպես ընկերվարական, ժողովրդավարական կուսակցություն հավատում է շուկայական տնտեսությանը, բայց այն համոզմունքին է, որ պետությունը իր կարգավորման եւ վերաբաշխման մակրոտնտեսական կառավարման համալիր գործառույթներով պետք է ունենա խթանիչ հակակշիռ տնտեսության մեջ եւ կանխի կամ նվազագույնի հասցնի շուկայական ձախողման հետեւանքները: Այս մասին ՀՅԴ Գերագույն մարմնի կազմակերպած «ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
Նրա խոսքով, կարգավորվող շուկայական տնտեսությունը հիմնված է երեք սկզբունքի վրա՝ առաջանցիկ տնտեսական աճ, սոցիալական ներառականություն եւ արդարություն, կայուն զարգացում:
Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսության ներառականության ինդեքսում 2018-ի տվյալներով Հայաստանի դիրքը այնքան էլ դրական չէ: Հայաստանը գտնվում է Գվատեմալայի եւ հոնդուրասի արանքում՝ զբաղեցնելով 45-րդ հորիզոնականը՝ անցումային երկրների շարքում» «Եթե դրան ավելացնենք նաեւ զարգացած երկրները, ապա տեղն ավելի ցածր կլինի: Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանը գրավում է 3-րդ տեղը, Ռուսաստանը՝ 19-րդ տեղը, Ղազախստանի 17-րդ տեղը: Եթե չենք ուզում տնտեսական ճգնաժամի առաջ կանգնել, մեզ համար տնտեսության ներառակությունը պետք է դռնա առաջնային քաղաքական նպատակ: Այսօր վարվող քաղաքականությունը չի նպաստում դրան: Մասնավորապես, եկամտային հարկի համահարթ հարկումը դրան չի նպաստում»,-ասաց նախկին նախարարը:
Նա հիշեցրեց Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի կոչը, որ պետք է շատից շատ հարկել, քչից՝ քիչ. «Ցավոք սրտի, մեզ մոտ լրիվ հակառակը տեղի ունեցավ: Համահարթ հարկման միջոցով համ նվազ եկամուտ ունեցողն է 23 տոկոս տալիս, համ միլիոնատերը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այնքան էլ պատվաբեր չէ գտնվել Գվատեմալայի եւ Հոնդուրասի արանքում, երբ Ադրբեջանը մեզնից շատ-շատ ավելի բարձր է:











