Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի եւ Տավուշի բաժինների ծառայողները հայտնաբերել են փայտածուխի երեք արտադրամաս, որտեղ արտադրվող փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայում էին։ Արտադրամասերից երկուսը գործում էր Պառավաքար գյուղում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերված փայտանյութի, մի քանի տասնյակ պարկ փայտածուխի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասի գործունեությունը կասեցվել  եւ նշանակվել է մասնագիտական ստուգում։ Մյուսում եւս հայտնաբերվել են փայտածուխ պատրաստելու տարաներ ու 7 խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթերը բացակայում էին։

Այս դեպքում եւս նշանակվել է մասնագիտական ստուգում։ Գանձաքար գյուղի մի արտադրամասում էլ հայտնաբերվել է փայտածուխ պատրաստելու տարաներ.  մեկը՝ փայտանյութով լցված, ինչպես եւ մի քանի խորանարդ մետր փայտանյութ, որոնց վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դարձյալ արտադրամասի գործունեությունը կասեցվել է եւ նշանակվել մասնագիտական ստուգում։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջեւանի եւ Տավուշի բաժիններում նյութեր են նախապատրաստվում։