Ոստիկանությունը մարտի 11-ին բացահայտել է գրպանահատության 2 դեպք, պարզվել են  գողություն կատարած անձանց ինքնությունները։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։

Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները բացահայտել են  գրպանահատության երկու դեպք:

Առաջին դեպքը ոստիկանության Արաբկիրի բաժնում գրանցվել էր ժամը 19.30-ի սահմաններում:  Մի կին հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ թիվ 35 երթուղու ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր զեղչի ու բանկային քարտեր:

Օպերատիվ խումբը որոնողական աշխատանք  է սկսել: Նրանց միացել են  ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, որոնց մասնագիտական հմտության շնորհիվ տեղեկություններ  են ստացել, որ գողությունը հնարավոր է որ  կատարել է  Մանթաշյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:

Նույն օրը կասկածվողը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով գողոնը:

Նախապատրաստվում են նյութեր:

Մյուս դեպքը Կենտրոն վարչական տարածքում էր կատարվել: Ժամը 21.30-ի սահմաններում Երվանդ Քոչարի փողոցում մի կնոջ պայուսակից գողացել էին բջջային հեռախոսը:

Մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվել է:

Գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 22.10-ին Աբովյան փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է   ենթարկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 31-ամյա մի բնակչի:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերվել է:

Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն: