Իջեւանի հատվածում այսօր ժամը 12-ից 12։30 Իջեւանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետեւանքով որեւէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ադրբեջանական կողմի տարածած լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, կեղծիք է։ Հակառակորդը լռել է հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել եւս երկու հոգու մոտ, Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Այդպիսով վարակվածների թիվը հասել է 8-ի: Նրանցից 5-ը մեկ խմբից են։

Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատություններում դասերը կդադարեցվեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի թեմայով կառավարությունում կայացած արտահերթ նիստին։ Մարտի 18–ին կամ 19–ին կառավարությունը ևս մեկ անգամ կանդրադառնա այդ թեմային և եթե անհրաժեշտություն լինի, կրկին կերկարաձգեն։

Կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան: Շատ կարեւոր է, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, ոչ թե թուլացած, ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ օպերատիվ ամենամեծ խնդիրը Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության մասնակիցների եւ նրանց շփման ամբողջական շրջանակը պարզելն է: Նա բոլոր մասնակիցներին ու նրանց հետ շփում ունեցածներին կոչ է արել նախ ինքնամեկուսացվել, ապա տեղեկացնել պետական մարմիններին:

Կորոնավիրուսն անչափ ուժգին կհարվածի Հայաստանում տուրիզմի ոլորտին, լրագրողներին ասել է Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Ըստ նրա՝ ոլորտում կգրանցվի բավականին լուրջ անկում: Հայաստանում արդեն լրջորեն կրճատվել է Իրանից զբոսաշրջիկների եւ ուսանողների թիվը, եւ այս միտումը շարունակվելու է,- շեշտել է  տնտեսագետը եւ ավելացրել. «կորոնավիրուսի անկումը կանխատեսում են աշնանը, հետեւաբար մեզ համար այս տարին կորած է»: Գագիկ Մակարյանն ասել է նաեւ, որ կորոնավիրուսի պատճառով կտրուկ կնվազի Հայաստանի, Չինաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառությունը, ինչը լուրջ վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը:

Այս պահին Հայաստանում ախտահանիչների դիֆիցիտ չկա, խնդիրն այն է եղել, որ արտադրողները չէին պատկերացրել, որ այդ ծավալի պահանջարկ կլինի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։ Դիմակների մասով Գեւորգյանն ասել է, որ տարբեր աղբյուրներից եւ տարբեր գներով են ձեռքբերվել, այդ պատճառով կան գնային փոփոխություններ։ Հիմա շուկայում մեծածախ գինը 150-ից 200 դրամ է։ Նաեւ փոքր լոկալ արտադրություն են սկսել տնտեսվարողները։

Թեպետ կորոնավիրուսի էպիեկնտրոն է համարվում Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքը, եւ մինչեւ օրս  Չինաստանում են գրանցվել ամենաշատ վարակվածների եւ մահացածների թվերը, սակայն Իտալիայում, Իրանում եւ Հարավային Կորեայում իրավիճակն ավելի վատ է, քանի որ այս երկրներում վարակվածները բնակչության ընդհանուր թվի ավելի մեծ տոկոսն են կազմում։ Ավելին, Իտալիայում արդեն գրանցվել է մահվան 1016 դեպք, Հարավային Կորեայում վարակված է 7979 մարդ, բայց մահացության մակարդակը ցածր է՝ 71 դեպք: Իրանում գրանցվել է վարակման 10 հազարից ավելի եւ մահվան 429 դեպք:

Անգլիական Պրեմյեր լիգան հայտարարել է առաջնությունը մինչեւ ապրիլի 4-ը դադարեցնելու մասին. պատճառը նոր կորոնավիրուսն է։ «Արսենալում», «Չելսիում» եւ «Էվերտոնում» վարակվածների առկայության պատճառով հայտարարվել է կարանտին։ Ֆրանսիայում մարտի 13-ից անժամկետ արգելվել է որեւէ ֆուտբոլային խաղ, ՈւԵՖԱ-ն եւս դադարեցրել է Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հանդիպումները։ Դադարեցված են նաեւ Իտալիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի առաջնությունները։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւս հետաձգել է ֆուտբոլային բոլոր մրցաշարերը։ Հետաձգվել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Խոակին Կապարոսի՝ այսօր նախատեսված ասուլիսը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին չի բացառել, որ նոր տեսակի կորոնավիրուսը կարող է «կենսաբանական հարձակման հետեւանք» լինել: Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաքերին ուղղված հրամանագրում նա գրել է. «Քանի որ կան որոշ ապացույցներ առ այն, որ այս միջադեպը կարող է «կենսաբանական հարձակում» լինել, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները կարող են լինել կենսաբանական պաշտպանության զորավարժությունները»:

Facebook-ի իր էջում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կոչ է արել բոլոր առևտրային բանկերին 2 ամսով, 2020-ի մարտի 15-ից, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը՝ անփոփոխ թողնելով ավանդների դիմաց կատարվող վճարումները։ «Հիմնավորում. բանկային համակարգում ավելի քան 20 տարի է ինչ հարկավորման մակարդակը, սխալ քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի ցածր է, քան տնտեսության մյուս ոլորտներում»,-նշել է նա:

Կարանտին մտնելուն զուգընթաց, ուզենք թե չուզենք, տնտեսությունը պետք է համապատասխան վերափոխումների ենթարկվի, դրա արդյունքում չպետք է որեւէ մեկը բանկում հայտնվի սեւ ցուցակում, ֆեյսբուքյան լայվով հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ավելացրել. վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամսով։

Գյումրիում մարտի 5-ին կատարված սպանության դեպքով կալանավորված 28-ամյա երիտասարդը 2016 թվականին եւս ծեծի է ենթարկել իր ապագա ենթադրյալ զոհին՝ Մարինեին, վերջինը դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրգործ, սակայն կողմերը հաշտվել են, գործն էլ կարճվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ 28-ամյա տղամարդը գրանցված է եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, նախկինում 4 անգամ դատապարտվել է։ Այս գործով նա մեղսունակ է ճանաչվել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 3.52 դրամով ու հասել  487.85 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.11 դրամով ու կազմել 544.59 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.37 դրամով ու կազմել 613.91 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.21 դրամով ու հասել 6.71 դրամի։