Առաջնային հարվածի տակ գտնվող թիրախային խմբում են չգրանցված օրավարձով աշխատողները. չեմ ուզում էմոցիոնալ բաներ ասել, բացել իմ հեռախոսը, ձեր հեռախոսը, հազարավոր մարդիկ չգրանցված աշխատողներ են, նրանց խնդիրը լուծում ստանալո՞ւ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Սեւ ցուցակում հայտնված ՓՄՁ-ների խնդիրն ի՞նչ կերպ է լուծվելու, աջակցության որեւէ ծրագիր նախատեսվելո՞ւ է այդ սեգմենտի համար: Որոշակի տնտեսական գործունեության թույլտվություն է տրվել որոշ տեսակներին ու նշվում է, որ գործատուները իրենք պետք է ապահովեն աշխատողների հասանելիությունը աշխատավայր: Բազմաթիվ գործատուներ հրաժարվում են դա կատարել: Այդ գործատուներին ինչ-որ բան բացատրվելո՞ւ է, որ հասկանան, որ միջին կամ նվազագույն աշխատավարձ ստացողը չի կարող տաքսիով գնալ-գալ»,-ասաց Զոհրաբյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ ԵՊՀ ուսխորհրդի նամակն է ստացել՝ մինչեւ 25 տոկոս ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատերի ընտանիքները արտակարգ դրության ժամանակ զրկվել են հիմնական եկամուտներից:
Ավինյանը պատասխանեց, որ ոչ միայն գրանցված աշխատողները, այլեւ սոցիալական թիրախային խմբերը ստանալու են աջակցություն, օրինակ, 9-րդ միջոցառումով աջակցություն է տրվում երեխաներին, որը վերաբերելու է չգրանցված աշխատող ծնեղներին. «Այսօր կառավարությունը ընդունել է 11-րդ միջոցառումը, որ 50 % տոկոսի չափով փոխհատուցելու ենք մինչեւ 10 հազար դրամ գազի սպառման ծավալներ ունեցող անձանց ծախսը եւ մինչեւ 5000 դրամ էլեկտրաէներգիայի ծախսը, մոտ 220 հազար բաժանորդի է վերաբերվում»:
Ավինյանը հավելեց, որ հիմա փաստացի օգտվում են այն տնտեսվարողները, որոնք պատշաճ իրենց աշխատողներին գրանցել են ու բարեխիղճ են եղել եւ որպես լուծում առաջարկեց, որ չգրանցելու դեպքում պետք է այդ տվյալները փոխանցվեն ՊԵԿ:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ մարդիկ իրենց մեղքով չէ, որ չգրանցված աշխատում են. «Չեմ ուզում էմոցիոնալ տեքստեր ասել, բայց մարդիկ սոված են, ուղղակի սոված, նրանց տեղորոշելու մեխանիզմը մենք մեր առաջարկներում ներկայացրել էինք: Մենք կարո՞ղ ենք ասել, որ չգրանցված աշխատողների համար մեխանիզմներ առաջիկայում մշակվելու են»:
Ավինյանը պատասխանեց, որ անձինք, ովքեր «ֆորմալ չեն աշխատում», չեն կարող ներգրավվել որեւէ տեղ, բայց առանձին թիրախային խմբերում սոցծրագրեր են նախատեսվելու, կարող են այդ աջակցություններից օգտվել:











