«Ճըվճըվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի համաներմամբ ազատ է արձակվելու դատարանի որոշման վերաբերյալ ԱԺ ամբիոնից այսօր՝ ապրիլի 14-ին, խոսեց «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը։

«2018 թվականի հունվարի 8-ին շատերին ցնցեց մականունավոր մի երիատասարդի հերթական հանցագործությունը, որին զոհ գնացին ծառայություն իրականացնող 2 երիտասարդ ոստիկան, որբացան երեխաներ, իսկ օրեր առաջ էլ ցնցվեցինք նաեւ այս երիտասարդին համաներում տալու դատարանի որոշումից, որն, ակնհայտորեն, նախանշված եւ պլանավորված էր դեռ 2 տարի առաջ՝ գործի նախաքննության փուլից ի վեր։ Սարսափելի վթարին հաջորդող մի քանի օրերի ընթացքում սույն գործով ներգրավված անձինք այդ ժամանակ քաղաքական վերնախավի հետ հանցավոր կապեր ունենալով կարողացան խեղաթյուրել փաստերն ու նախաքննական տվյալները, էականորեն նվազեցրին մեքենայի արագության փաստական տվյալը, փոխվեց ալկոհոլային թեստի արդյունքները, ցուցմունքները եւ գործը կարվեց հնարավոր հարմար տարբերակով»,- ասաց Գասպարյանը։

Պատգամավորի խոսքով՝ համաներումը կիրառելուց առաջ պետք է հաշվի առնել տուժողի ընտանիքի անդամների կարծիքը.

«Երբ հետադարձ հայացք ենք գցում, հստակորեն պատկերացնում ենք այն սխեման, որով արել են ամեն ինչ, որպեսզի մեղադրանք առաջադրվի, հետագայում նաեւ փոխվի այնպիսի պատժաչափերով, որպեսզի ոչ միայն հնարավորինս մեղմ պատիժ տրվի, այլ շնորհվի նաեւ համաներում, ինչը հեղափոխության արդյունք էր։ Համաներման վերաբերյալ ունեմ իմ տեսակետը, սա միանշանակ ինստիտուտ չէ»։

Անդադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխատանքներ են տարվում պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը զարգացնելու եւ կատարելագործելու ուղղությամբ, պատգամավորն ասաց. «Համաներում ստացավ մի մարդ, որի անունը շարունակաբար հայտնվել է դատապարտելի արարքների եւ աղմկոտ իրադարձությունների կենտրոնում, որը մշտապես ահաբեկել է հանրությանը, եւ, որի , մեղմ ասած, օրինազանց անցյալը թույլ է տալիս նրան համարել՝ հասարակության համար վտանգավոր անձ»։