Ապրիլի 14-ին՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ հաստատվել է կորոնավիրուսի 1067 դեպք: Փաստացի այս պահին բուժվում է 786 անձ: Ապաքինվել է 265 մարդ, վերջին մեկ օրում՝ 54-ը, 16 պացիենտ մահացել է:
Պարետատան նոր որոշմամբ մենք տասնյակ հազարավոր մարդկանց հնարավորություն ենք տվել վերադառնալ աշխատանքի եւ այս փուլում ես առանձնահատուկ նշանակություն եմ տալիս գործատուների պատասխանատվությանը, թե նրանք որքանով են ապահովում իրենց աշխատողների վարակման հնարավորությունները նվազեցնելու խնդիրը: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս պահի դրությամբ իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է. մենք ունենք վարակի 3 աղբյուր, որոնցից 2-ն ամբողջությամբ վերահսկելի եւ սահմանափակված է, Արցախում նախագահի ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է երկրորդ հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Եթե այս իրավիճակը երկար տեւի, համաշխարհային աղետ է սպասվում, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը: Մենք պետք է ամբողջությամբ վերանայենք մեր տնտեսության կառուցվածքը, եւ համախմբվելով Հայաստանի իշխանության շուրջը, պատվով դուրս գանք այս իրավիճակից, ընդգծել է նա:
Արցախում ժամը 20-ին ավարտվել են Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Ընտրության 2-րդ փուլ էին անցել Արայիկ Հարությունյանը՝ ձայների 49,26 տոկոսով, եւ Մասիս Մայիլյանը՝ 26,4 տոկոսով: Վերլուծաբանների մեծ մասը համարում է, որ Մայիլյանի բոյկոտի պայմաններում, Հարությունյանի ընտրությունն այս փուլում տեխնիկական հարց էր:
Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։ Սահմանվում է, որ այս միջոցառման շահառու են հանդիսանալու գազի եւ հոսանքի այն սպառողները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին կազմել են՝ բնական գազի սպառման գծով՝ 10 001-ից 30 000 դրամ, էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-ից 10 000 դրամ ներառյալ։ Փոխհատուցվելու է սպառած էլեկտրաէներգիայի եւ գազի 30 տոկոսը:
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, NEWS.am-ի հարցին ի պատասխան, հայտնել է, որ, մեջբերում եմ՝ «Հաղորդ լինելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից», մեջբերման ավարտը։
Արցախի գործող նախագահը վերահաստատել է իր կարծիքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ եւ հայտարարել, որ իր մոտեցումը չի փոխվել, եւ նոր մեկնաբանությունը չի փոխի նրա վերաբերմունքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ միասին, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էր ներկայացրել դատարան:
Գյումրիում դանակահարվել են ոստիկանության 2 աշխատակիցներ, հայտնում է shamshyan.com-ը։ Հայուհի հրապարակում ոստիկանները փորձել են պարզել 2 քաղաքացու ինքնությունը եւ ստուգել նրանց տեղաշարժի թերթիկը, վերջիններս, սակայն, առանց վիճաբանել են իրավապահների հետ, ինչի ժամանակ նրանցից մեկը դանակահարել է ոստիկաններին։ Դանակով զինված քաղաքացին վնասազերծվել է եւ բերման է ենթարկվել։
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանը քաղաքապետ է ընտրվել` այդ պաշտոնում փոխարինելով Արա Նաջարյանին: Նա քաղաքային խորհրդի անդամ է 2017-ից: Երկար տարիներ եղել է Շուշիի գիշերօթիկ դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները: Փաշինյանն անդրադարձել է համավարակին, մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելու անհրաժեշտությանը:
Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման արդեն 1 միլիոն 926 հազար դեպք: Մահացել է գրեթե 120 հազար պացիենտ, առողջացել՝ 453 հազարը: Թե՛ վարակման, թե՛ մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է ԱՄՆ-ում համապատասխանաբար՝ 587 հազար եւ 23 հազար 644: Հայաստանի հարեւան Իրանում վարակվածների թիվն անցել է 73 հազարից, մահացել է 4585 մարդ: Թուրքիայում գրանցվել է վարակման 61 հազար դեպք եւ 1296 մահ, Ադրբեջանում՝ 1148 վարակակիր, 12 մահ, Վրաստանում՝ 296 վարակակիր եւ 3 մահ:
Մենք ունենք երգ, որում կան հետեւյալ բառերը՝ խփում ենք թուրքին ախպերս ու ես, հիմա ասում ենք՝ մտավախություն կա, կարող է այդ երգն ինչ–որ մեկը երգի եւ այս հոդվածով ենթարկվի պատասխանատվության, Ազգային Ժողովում բռնության մասին կոչերի քրեականացման նախագծի քննարկմանն ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։
Օրենքը, ցավոք, չի հստակեցնում եւ տեղիք է տալիս մեկնաբանությունների, իսկ այդ մեկնաբանությունները կարող են լինել տարատեսակ եւ ունենալ հակառակ էֆեկտը, նույնթ եմայով հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ Պատգամավորը շեշտել է, որ նախագիծը լղոզված է թե արդարացման եւ թե որոշակի դրույթների մասով։
Երթուղայինի վարորդները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարությունից արտակարգ դրության պայմաններում իրենց որոշակի գումար հատկացնել։ Վարորդները լրագրողներին հայտնել են, որ իրենք մարտի 1-ից չեն աշխատում եւ աշխատավարձ չեն ստացել, դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն հստակ պատասխան չեն ստացել, քաղաքապետարանը դիմումներին որեւէ արձագանք չի տվել։ Մեզ համար էլ թող ծրագիր մշակեն եւ որեւէ աջակցություն տրամադրեն, քանի որ 11 ծրագրերից ոչ մեկին չենք համապատասխանում, ասել են նրանք։
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 1.01 դրամով եւ կազմել 485.52 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով ու կազմել 531.30 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.92 դրամով ու հասել 609.28 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.61 դրամ։
Հայաստանում ապրիլի 15-ի սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8, ցերեկային ժամերին՝ 4-6 աստիճանով: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +17+19:











